Մայիսի 17-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրությունից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: 

Նշենք, որ այսօր News.am կայքը գրել է, որ սեփական տեղեկությունների համաձայն` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») փեսան իր մեքենայով ցանկացել է դուրս գալ Վերնիսաժին հարակից ստորգետնյա ավտոկայանատեղիից, սակայն ինչ-որ մեքենա խանգարել է: Մեքենայի կայանման շուրջ վեճ է ծագել, որից հետո «Յուվեցի Կարոյի» փեսան հանել է հրազենը եւ կրակել իր հետ վիճաբանողի վրա: Արդյունքում վիրավորվել են նաեւ 4 պատահական անցորդներ: Կայքը, կրկին հաղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ ոստիկանությունը պարզել է միջադեպի բոլոր մանրամասները եւ ունի հանցագործության լրիվ պատկերը. առաջիկայում կլինի ձերբակալություն:

Մանրամասները` սկզբնաղբյուրի կայքում: