«Փաստ» օրաթերթի դեկտեմբերի 7–ին տպագրված 22–րդ համարում անդրադարձել էինք ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի այն հայտարարությանը, թե ինքը ԱՄՆ–ի «գրին քարտ» ստանալու համար ոչ թե դիմում է ներկայացրել, այլ նրան տրամադրվել է՝ որոշակի ոլորտներում ծառայություններ մատուցելու համար:

«Ոչ թե Միացյալ Նահանգների, այլ ընդհանրապես՝ համաշխարհային դաշտում. նկատի ունեմ հենց ռադիոդաշտում»,– ասել էր մշակույթի նախարարը:

«Փաստը» գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, պարզելու, թե առանց տվյալ անձի կողմից դիմում ներկայացնելու ԱՄՆ–ի կառավարության կողմից «գրին քարտ» տրամադրվո՞ւմ կամ շնորհվո՞ւմ է, թե՝ ոչ: Սակայն, դիվանագիտական կորպուսի ուղարկած պատասխանն այնքան էլ հստակ չէր:

«Փաստը» ստիպված էր կրկին նույն հարցն այլ շեշտադրումով ուղղել կառույցին: Երկրորդ անգամ ստացված ԱՄՆ դեսպանատան կողմից ներկայացված պաշտոնական պատասխանը ներկայացնում ենք առանց կրճատումների և մեկնաբանությունների:

«Ներգաղթային վիզայի գործընթացը մեկնարկում է դիմումի ներկայացմամբ, որը կոչվում է միջնորդություն: Որոշ դեպքերում դա ներկայացվում է ընտանիքի անդամի կողմից, օրինակ՝ ԱՄՆ քաղաքացի ամուսնու/կնոջ կողմից, որոշ դեպքերում պոտենցիալ գործատուի կողմից՝ փաստարկմամբ, որ ԱՄՆ–ում չկան նմանատիպ որակավորում ունեցող մասնագետներ և որ օտարերկրացին ունի արժեքավոր հմտություններ: Որոշ դեպքերում, երբ այլ երկրի քաղաքացին մեծ ներդրումներ է կատարում ԱՄՆ–ում աշխատատեղեր ձևավորող ձեռնարկություններում կամ ունի բացառիկ հմտություններ, կարող է ինքն անձամբ դիմում ներկայացնել:

Ներգաղթային վիզայի առանձին տեսակ «պետության համար պահանջված անձանց» համար չկա: Գիտության, արվեստի, բիզնեսի ոլորտում բացառիկ կարողությունների տեր մարդիկ, ովքեր ունեն սովորականից ավելի մեծ փորձառություն, կարող են ներկայացնել ներգաղթային վիզայի միջնորդություն՝ ի ցույց դնելով ոլորտում իրենց ունեցած դիրքը, ԱՄՆ գործատուի կողմից արված աշխատանքային առաջարկը կամ ներկայացնելով, թե իրենց բացառիկ հմտություններն ինչպես կնպաստեն ԱՄՆ ազգային շահերին:

Ներգաղթային վիզայի բոլոր միջնորդություններով որոշումները կայացվում են ԱՄՆ քաղաքացիության ու ներգաղթի ծառայության կողմից՝ քննության առնելով ներկայացված փաստաթղթերը: Փաստաթղթերը քննության առնելուց հետո նշանակվում է հարցազրույց ԱՄՆ դեսպանատանը, որի ժամանակ դիմողը պետք է նաև փաստարկի, որ ներկայացված հանգամանքներից զատ, չկա որևէ այլ գործոն, որը կխոչընդոտի ներգաղթային վիզայի ստացմանը:

Վիզայի տրամադրումից հետ անձն արդեն կարող է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ էլ, մշտական օրինական բնակչի կարգավիճակ ստանալով, կարող է դիմել «գրին քարտի» համար»,– ասվում է պատասխանում:

Ստացվում է նորանշանակ Ա. Ամիրյանն ինչքան էլ որ այս կամ այն պետության կողմից պահանջված մարդ եղած լիներ, առանց իր և իր ընտանիքի անդամների դիմումի` ԱՄՆ–ի «գրին քարտ» չէր կարող ստանալ: Այսինքն՝ Ա. Ամիրյանը ազնիվ չի գտնվել և լրագրողի հարցին տվել է իրականության հետ որևէ աղերս չունեցող պատասխան: Այլ կերպ ասած՝ ստել է:

Ի դեպ, ինչպես երևում է պաշտոնական պատասխանից, ԱՄՆ–ի կառավարության համար կրկին միևնույն է, թե տվյալ անձը համաշխարհային մակարդակով ինչպիսի արժանիքներ կամ առանձնահատկություններ ունի կամ որ ոլորտում ինչքան և ում է ծառայել: Երկրում գործում է կարգ, որը նույնն է աշխարհի ցանկացած կետում ապրող ցանկացած անձի համար: Այնպես որ, թեև ԱՄՆ–ի «գրին քարտ» ստանալու բազում եղանակներ կան, սակայն Սանտա Կլաուսը ոչ մեկին երբեք նման նվերներ չի տալիս: Եվ ԱՄՆ «գրին քարտ» ոչ թե ձեռք են բերում, այլ՝ ստանում են, այն էլ միայն ու միայն դիմում ներկայացնելուց հետո: