Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման հարյուր օրը լրագրողների հետ ծավալուն հանդիպումով: Կարեն Կարապետյանի հարյուրօրյա ամփոփումը ըստ էության վկայել է մի բան. Կարապետյանը չի տիրապետում քաղաքական իրավիճակին: Համենայնդեպս, դրա մասին է վկայում այն, որ Կարապետյանը ասուլիսի ընթացքում որևէ կերպ հստակ չի արտահայտվել համակարգային ոչ մի խնդրի կապակցությամբ՝ ասուլիսի ընթացքում հանդես գալով ավելի շատ իբրև վարչարար, քան իբրև վարչապետ, որը քաղաքական պաշտոն է:

Այսինքն՝ Կարապետյանը կա՛մ պարզապես ինքն իրեն դեռևս չի պատկերացնում քաղաքական պաշտոնում և ըստ այդմ՝ այդ կարգավիճակում իր անելիքների քաղաքական շերտերն ու կոնտեքստը, կա՛մ լավ է պատկերացնում, բայց շրջանցում է այդ բոլոր շերտերը գիտակցված, քանի որ չի տիրապետում քաղաքական իրավիճակին, չի հանդիսանում քաղաքական ինքնուրույն գործոն:

Այսպես, թե այնպես՝ վարչապետի հարյուրօրյա ամփոփման ասուլիսը վկայեց, որ նա ներկայիս փուլում կա՛մ միանգամայն գիտակցված ու կամովին, կա՛մ ստիպված գտնվում է ավելի շուտ Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի տիրույթում և ըստ էության ամբողջությամբ կախված է այդ ծրագրերի ընթացքից: Մյուս կողմից՝ այս հանգամանքը, իհարկե, կարող է լինել Կարապետյանի մշակած մարտավարությունն այն իմաստով, որ ամբողջությամբ հրաժարվելով, այսպես ասած, քաղաքական սուբյեկտություն ստանձնելու հեռանկարից կամ, այսպես ասած, հնարավորինս ձգձգելով այդ հեռանկարը, հետաձգելով այդ կարգավիճակը՝ Կարեն Կարապետյանը այսպիսով իր «անվտանգության» համար պատասխանատվությունը թողնում է Սերժ Սարգսյանի վրա, այլ կերպ ասած՝ ստեղծում է մի վիճակ, երբ իրեն ուղղված որևէ հարված հարված է Սերժ Սարգսյանին:

Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանի հարյուրօրյա ամփոփման ասուլիսը ենթատեքստում Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան բավական նուրբ դրսևորվող դիրքային ներիշխանական պայքարի կամ դիմակայության դրսևորում էր, ինչը, ի դեպ, արտացոլվում էր նաև ասուլիսի, այսպես ասած, հաշվետվողական մասում:

Բանն այն է, որ այդ՝ թեկուզ առայժմ լուռ դիմակայության պայմաններում հնարավոր չէ ակնկալել կառավարության գործունեության արդյունավետություն՝ անկախ կառավարության կազմից և որևէ մեկի ցանկությունից: Երբ սեղանին դրված է իշխանության համար ներիշխանական պայքարը, սեղանին դրված արդյունքների հանրային շահեկանությունը չի կարող լինել գոհացուցիչ:

Եվ այս իմաստով վարչապետության հարյուրօրյա պաշտոնավարման ընթացքում կատարածի հաշվետվության մեջ Կարեն Կարապետյանը գործնականում չի ներկայացրել որևէ՝ թեկուզ կարճաժամկետ կամ միջնաժամկետ բնույթի արդյունք, որը հնարավոր չլիներ ներկայացնել պարզապես ոլորտային պատասխանատու նախարարի մակարդակով:

Այդ տեսանկյունից Կարեն Կարապետյանը ներկայացավ ընդամենը իր նախարարների հավաքական կերպարով, ի դեպ՝ խոստովանելով նաև, որ նախարարների շարքում կան նաև այնպիսիք, որոնց հարցում նա ընդամենը փոխզիջման է գնացել Սերժ Սագսյանի հետ, հերթական անգամ վկայելով, որ ներկայիս կառավարությունն ընդամենը դիմակայության դրսևորում է:

Աղբյուրը՝ 1-ին.am