ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը պարել է կնոջ՝ Մելանյայի հետ Liberty պարահանդեսում, որը նվիրված է եղել երդմնակալության արարողությանը։ Դա եղել է Թրամփի առաջին պարը նոր պաշտոնում։

Մելանյան հիասքանչ տեսք է ունեցել։ Նրա հագին եղել է ուսերը մերկացնող կաթնագույն զգեստ։ Նրա թե՛ այդ, թե՛ Ralph Lauren-ի երկնագույն զգեստը, որով նա ներկայացել էր երդմնակալության, առաջացրել են հանրության հիացմունքը։

Զույգը պարել է Ֆրենկ Սինատրայի May Way երգի ներքո՝ հայտնում է Fox News հեռուստաալիքը։ Դրանից առաջ Թրամփը հանդես էր եկել կարճ ելույթով՝ ասելով. «Մենք դա արեցինք»։ Նա հերթական անգամ խոստացել էր Ամերիկան կրկին մեծ դարձնել, որից հետո դիմել կնոջը՝ իր հետ պարելու խնդրանքով։

Դրանից հետո Թրամփն ու փոխնախագահ Փենսն ընտանիքներով ուղևորվել են երկրորդ պարահանդեսին (Freedom)։ Այնտեղ Թրամփը հավաքվածներին խոստացել է, որ կպայքարի ամերիկացիների համար ամեն օր։ Թրամփի գրաֆիկի վերջին կետը երրորդ պարահանդեսն էր, որը հավաքել էր ամերիկացի զինվորականներին։