«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանը այսօր` ապրիլի 4-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում հայտարարել է, որ դատախազը եւ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանն են սպանել «Հաց բերողին»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արա Ղարագյոզյանը:

«Իմ պաշտպանյալը բորբոքված էր այսօր, որովհետեւ դատախազը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրա նկատմամբ: Բացի այդ Արայիկ Խանդոյանը դատախազին եւ ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանին ասաց, որ նրանք են մեղավոր իր եղբոր` «Հաց բերողի» սպանության մեջ»,-ասաց նա:

Արա Ղարագյոզյանը նշեց, որ դատարանը մերժել է դատավորին ներկայացրած իր ինքնաբացարկի միջնորդությունը առանց հիմքեր ներկայացնելու: Արա Ղարագյոզյանը վերաքննիչ քրեական դատարանի` բողոքի քննությունը դռնփակ անցկացնելու որոշումից հետո բոյկոտել է նիստը եւ դուրս եկել նիստերի դահլիճից, սակայն դատարանը առանց պաշտպանի ներկայության շարունակել է բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի է ունենում Արայիկ Խանդոյանի տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա դրված արգելանքի դեմ պաշտպանի բողոքի քննություն:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):