«Բոտաֆոգոյի» նախկին ֆուտբոլիստ Ժոաո Սանթոսը դարձել է դաժան սպանության զոհ: Այս մասին հայտնում է Итар Тасс-ը՝ հղում կատարելով տեղական մամուլին:

Նախնական տվյալներով 35 ամյա Ժոաո Սանթոսը հոկտեմբերի 28-ին առևանգվել է Ռիո դե Ժանեյրոյում, երբ ավարտել է աշխատանքները Ռիլենգո շրջանում գտնվող իր խանութում: Հայտնվել են ականատեսներ, որոնք տեսել են, թե ինչպես են մի քանի չարագործներ կապում Սանթոսի ձեռքերը, նրան նստեցնում ավտոմեքենա, ինչից հետո ավտոմեքենան սլացել է անհայտ ուղղությամբ:

Նույն օրը երեկոյան կինը՝ Գեյսա Սիլվան դիմել է ոստիկանությանը: Հոկտեմբերի 29-ի առավոտյան Սիլվան հայտնաբերել է ամուսնու գլուխը պայուսակի մեջ Ռիո դե Ժանեյրոյում գտնվող սեփական տան մուտքի մոտ:

Չորեքշաբթի օրը առավոտյան Ռիո դե Ժանեյրոյի մերձակայքում գտնվող գետի մեջ հայտնաբերել են մարդու մարմնի հատվածներ, որոնք ենթադրաբար պատկանել են Սանթոսին: Այս մասին վկայում է մարմնի վրայի դաջվածքները: Սակայն վերջնական եզրակացություն կկատարվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Մեծ սպորտից հեռանալով Սանթոսը բացել էր առողջ և դիետիկ սնունդի մասնագիտացված խանութ: Նա երբևիցե չի ձերբակալվել և կապ չի ունեցել հանցավոր աշխարհի հետ: