Նիգերիայի հյուսիսում հարսանիքից վերադարձող բնակիչներին տեղափոխող նավը շրջվել է, ինչի հետևանքով մոտ 100 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Նավը շրջվել է երկուշաբթի վաղ առավոտյան Նիգեր գետի վրա՝ Կվարա նահանգում՝ հարևան Նիգերի նահանգի մոտ, հայտնել է ոստիկանության խոսնակ Օկասանմի Աջային։

Զոհերը, որոնց թվում կան կանայք և երեխաներ, վերադառնում էին Նիգերի նահանգի Էգբոթի գյուղում գիշերային հարսանեկան արարողությունից, ասել է գյուղի բնակիչ Ուսման Իբրահիմը։

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք փրկվածներ կան, թե ոչ։

Նրա խոսքով՝ զոհերից շատերը խեղդվել են, քանի որ վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ի սահմաններում, և շատերն այդ մասին իմացել են միայն մի քանի ժամ անց։

Երեքշաբթի կեսօրվա դրությամբ պաշտոնյաները և տեղացիները դեռ նոր դիակներ էին փնտրում գետում, որը Նիգերիայի ամենամեծերից մեկն է: