Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հարցազրույց է տվել Spiegel-ին, որտեղ քննադատել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի արտաքին քաղաքական նախաձեռնությունները, ԵՀ-ն նյարդային է արձագանքել նրա խոսքերին, գրում է Spiegel-ը։

Հրատարակությանը տված հարցազրույցում Միշելը ֆոն դեր Լեյենին մեղադրել է իր լիազորությունները գերազանցելու մեջ՝ որպես օրինակ բերելով Թունիսի հետ միգրացիոն համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ ԵՀ ղեկավարն այն ստորագրել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և իտալացի Ջորջիա Մելոնիի հետ, սակայն ԵՄ խորհուրդը «դուրս է մնացել» որոշումից։ ԵՀ-ի խոսնակ Արիաննա Պոդեստան Միշելի խոսքերն «մասամբ սուտ» է անվանել։

Ինչպես նշում է Spiegel-ը, ֆոն դեր Լեյենին մեղադրելով լիազորությունները գերազանցելու մեջ, Միշելը նույնն է անում, երբ խոսում է 2030 թվականին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին։ Այս խոսքերը նույնպես նյարդայնացրել են ԵՀ-ին, գրում է թերթը։ Spiegel-ը Եվրախորհրդի ղեկավարի և ԵՀ-ի ղեկավարի հակամարտությունն անվանել է «տարօրինակ պայքար իշխանության համար»։

Մամուլի ասուլիսի ժամանակ Պոդեստան նշել է, որ ԵՄ ներսում դերերի բաշխման վերաբերյալ Եվրախորհրդի ղեկավարի հայտարարությունները «մասամբ անճիշտ են»։ Հարցազրույցում Միշելը պնդում էր, որ Եվրոպական խորհուրդը «որոշում է կայացնում ռազմավարական ուղղության վերաբերյալ», իսկ ԵՀ-ն իր հերթին հոգ է տանում դրա իրականացման մասին։