Այսօր՝ հունվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 35 VV 818 համարանիշի ավտոմեքենան Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գազոնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության գծով բաժնի պետ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինն ունեն նաև վարկած, որ հնարավոր է՝ մահացածներից մեկը հետիոտն է, ով վրաերթի է ենթարկվել։

 Նյութի աղբյուրը՝  shamshyan.com