ԱՄՆ-ը շարունակում է աստիճանաբար կրճատել իր ատոմային մարտագլխիկների թիվը, վկայում է պետդեպարտամենտի՝ երեքշաբթի հրապարակած վիճակագրությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

2020թ. ԱՄՆ-ը 3750 մարտագլխիկ ուներ 2019թ. 3805-ի եւ մեկ տարի առաջվա 3785-ի դիմաց։ Այս թիվը հաշվի չի առնում շահագործումից դուրս եկած եւ ոչնչացման սպասող մարտալիցքերը։ Բացի այդ, 2020թ. վերացվել է 184 հին մարտագլխիկ։


2020թ. մակարդակը ամենացածրն է վերջին 60 տարում՝ շնորհիվ Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման մասին պայմանագրի։ ԱՄՆ մարտագլխիկների առավելագույն թիվը ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմի ժամանակ էր, 1967թ.՝ 31255։

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ այժմ գործում է ՌՀՍ-3 (СНВ-3) համաձայնագիրը, որը սահմանափակում է յուրաքանչյուր կողմի համար միջուկային մարտալիցքերի թիվը մինչեւ 1550-ի, բայց պայմանագիրը չի սահմանափակում Վաշինգտոնի դաշնակիցների սպառազինությունում գտնվող միջուկային մարտագլխիկները։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկում էր ռազմավարական կայունության մասին ռուս-ամերիկյան բանակցություններին ներգրավել Չինաստանին, բայց Պեկինը հայտարարել է, որ շահագրգռված չէ այդ հարցում։