2012թ.  հունիսի 17-ին  ռազմական բժիշկ Վահե Ավետյանը հիվանդանոց է հասցվել ծայրահեղ ծանր վիճակում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի հետևանքով:  Երևանի Ավան և Նոր նորք  վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ,  բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում այս մասին նշեց Վ.Ավետյանին երկու անգամ վիրահատած նեյրովիրաբույժ  Արման Հակոբյանը: Ըստ նրա, տուժողը գտնվում էր ենթասահմանային կոմայի մեջ, որին հաջորդում է մահը: Նեյրովիրաբույժը գտնում է, որ կլինիկական ու պարակլինիկական տվյալները վկայում էին գլխուղեղի մահվան մասին՝ «հրազենից  կարող էր ապաքինվել, բայց դրանից՝ ոչ»:  Մասնավորապես, առկա էր  1 սմ-ի  չափով  արյունազեղում և  ուղեղի կիսագնդի  4 սմ-անոց  շեղում, վերջինս, ըստ նեյրովիրաբույժի, առաջացել է շատ արագ ու ուժգին հարվածից: Ընդ որում, այդ վնասվածքները  չէին կարող պատճառվել վայր ընկնելու կամ հիվանդանոց «վատ տեղափոխման» հետևանքով:    
 
Պաշտպանական կողմի այն հարցին, թե այդ պարագայում  ի՞նչ իմաստ ուներ երկու անգամ վիրահատել Վ.Ավետյանին, բժիշկը նկատեց, որ եթե այդպես չվարվեր, ապա ինքը կհայտնվեր «Ձեր կողքին», այսինքն՝ ամբաստանյալի աթոռին: Նա միաժամանակ  ընդունեց, որ  վիրաբուժական միջամտության շնորհիվ է, որ Վ.Ավետյանը  դեպքից հետո 12 օր ապրել է: Այդ 12 օրերի ընթացքում, այդուհանդերձ, բժշկի  գնահատմամբ,
Վ.Ավետյանի առողջական վիճակը բացասական պրոգրես էր ապրում: 
 
Արման Հակոբյանը հայտնեց, որ դեպքի մասին լսել է  գործով տուժող  Արտակ  Բայադյանից, սակայն մանրամասներ չի հիշում՝  «գնացել են խնջույքի, Վահե Ավետյանը ծեծվել է, որի հետևանքով մահացել է, այլ բան ասել չեմ կարող ասել»: Սակայն քիչ անց մտաբերեց նաև, որ լսել է, որ «վայրկենական ծեծի» ենթարկողները 20-25 հոգի են եղել: 
 
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ Արման  Հակոբյանի մասնագիտական կարծիքը չի կարող փոխարինել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին:
 
Դատարանը ճանաչեց պաշտպան Ե.Սարգսյանի լիազորությունները նաև որպես ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան՝ նա ամբաստանյալի պաշտպանությունը պետք է իրականացնի նրա պաշտպան Միհրան Պողոսյանի հետ համատեղ: Այս պահի դրությամբ ամբաստանյալների շահերի միջև հակասություններ չարձանագրվեցին:
 
 
«Փաստինֆո»