2012թ. հունիսի 17-ին ռազմական բժիշկ Վահե Ավետյանը հիվանդանոց է հասցվել ծայրահեղ ծանր վիճակում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի հետևանքով: Երևանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում այս մասին նշեց Վ.Ավետյանին երկու անգամ վիրահատած նեյրովիրաբույժ Արման Հակոբյանը: Ըստ նրա, տուժողը գտնվում էր ենթասահմանային կոմայի մեջ, որին հաջորդում է մահը: Նեյրովիրաբույժը գտնում է, որ կլինիկական ու պարակլինիկական տվյալները վկայում էին գլխուղեղի մահվան մասին՝ «հրազենից կարող էր ապաքինվել, բայց դրանից՝ ոչ»: Մասնավորապես, առկա էր 1 սմ-ի չափով արյունազեղում և ուղեղի կիսագնդի 4 սմ-անոց շեղում, վերջինս, ըստ նեյրովիրաբույժի, առաջացել է շատ արագ ու ուժգին հարվածից: Ընդ որում, այդ վնասվածքները չէին կարող պատճառվել վայր ընկնելու կամ հիվանդանոց «վատ տեղափոխման» հետևանքով:
Պաշտպանական կողմի այն հարցին, թե այդ պարագայում ի՞նչ իմաստ ուներ երկու անգամ վիրահատել Վ.Ավետյանին, բժիշկը նկատեց, որ եթե այդպես չվարվեր, ապա ինքը կհայտնվեր «Ձեր կողքին», այսինքն՝ ամբաստանյալի աթոռին: Նա միաժամանակ ընդունեց, որ վիրաբուժական միջամտության շնորհիվ է, որ Վ.Ավետյանը դեպքից հետո 12 օր ապրել է: Այդ 12 օրերի ընթացքում, այդուհանդերձ, բժշկի գնահատմամբ,
Վ.Ավետյանի առողջական վիճակը բացասական պրոգրես էր ապրում:
Արման Հակոբյանը հայտնեց, որ դեպքի մասին լսել է գործով տուժող Արտակ Բայադյանից, սակայն մանրամասներ չի հիշում՝ «գնացել են խնջույքի, Վահե Ավետյանը ծեծվել է, որի հետևանքով մահացել է, այլ բան ասել չեմ կարող ասել»: Սակայն քիչ անց մտաբերեց նաև, որ լսել է, որ «վայրկենական ծեծի» ենթարկողները 20-25 հոգի են եղել:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ Արման Հակոբյանի մասնագիտական կարծիքը չի կարող փոխարինել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին:
Դատարանը ճանաչեց պաշտպան Ե.Սարգսյանի լիազորությունները նաև որպես ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան՝ նա ամբաստանյալի պաշտպանությունը պետք է իրականացնի նրա պաշտպան Միհրան Պողոսյանի հետ համատեղ: Այս պահի դրությամբ ամբաստանյալների շահերի միջև հակասություններ չարձանագրվեցին:
«Փաստինֆո»