Եվրոպայում անցած շաբաթ մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի աճ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքերով՝ վերջին երկու շաբաթների ընթացքում COVID-19-ի չհուսադրող դինամիկա է դիտարկվել տարածաշրջանի 30 երկրներում։ Նրանցից 11-ում վիրուսի արագ տարածումը կարող է հանգեցնել համաճարակի վերսկսման։ Եթե գործընթացը չկանգնեցվի, ապա այն կրկին եվրոպական այդ երկրների առողջապահական համակարգերը կհասցնի «անդունդի եզրին», ասել է կազմակերպության ներկայացուցիչը:
Ինչպես նշել է Կլյուգեն, ինքն արդեն ասել է, որ գոյություն ունի հիվանդության նոր բռնկումների վտանգ՝ կախված այն բանից, թե ինչպես են պետությունները հանում նախկինում մտցված սահմանփակումները։
«Եվրոպայի որոշ երկրներում այդ վտանգն արդեն իրականություն է դարձել»,- ընդգծել է նա։
Ընդ որում, Կլյուգեն նշել է, որ Լեհաստանում, Գերմանիայում, Իսպանիայում եւ Իսրայելում իշխանություններն արագ արձագանքել են հիվանդության նոր դեպքերի մեծացող թվին։
Նա նշել է, որ եվրոպացիները սկսել են առավել պատասխանատու վերաբերվել այնպիսի միջոցառումների պահպանմանը, ինչպիսին սոցիալական հեռավորությունն է եւ դիմակների կրումը։
Մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսային վարակի բռնկումը համավարակ էր հայտարարել: ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում վարակված է մոտ 9,3 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 479 000 մարդ:
Եվրոպայում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2,6 միլիոնի, մահացել է ավելի քան 195 000 մարդ: