Փետրվարի 14-ին նշվում է սիրահարների օրը՝ Սուրբ Վալենտինի տոնը։ Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց ու սեր խոստովանում:

Այս տոնի կապակցությամբ զրուցեցինք բոլորի սերն ու համակրանքը վայելող երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի հետ, ով ArmStar.am-ին պատմեց իր սիրո պատմությունը:

Պարզվում է` Արմանն  իր կնոջը` Աննային,  հանդիպել է գեղեցկության մրցույթներից մեկի ժամանակ, որտեղ ինքը ժյուրիի կազմում է եղել, իսկ իր ապագա կինը`մրցույթի մասնակից: Նա այդ ժամանակ 21 տարեկան էր , իսկ Աննան` 15-16: “Երբ նրան տեսա, շատ հավանեցի և հետը ծանոթանալու առիթ էի փնտրում”:

Արման Հովհաննիսյանն իր կնոջ հետ ծանոթացել է  մրցույթի կազմակերպիչների`իր ընկերների օգնությամբ:  “Հիմա կոնկրետ չեմ հիշում, թե ինչպես, բայց ինձ հաջողվեց այնպես անել, որ նա այժմ իմ կողքին է”:

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է նա իր կնոջն ամուսնության առաջարկ արել.“Նման առիթ չի եղել, որովհետև ես փախցրել եմ կնոջս: Մենք միասին փախել ենք, իսկ մեկուկես ամիս անց հարսանիք  ենք արել”,-ArmStar.am-ին պատմեց երգիչը:

Ինչ վերաբերում է Սուրբ Վալենտինի տոնին, Արմանն ասաց, որ սիրում է այդ օրը լավ անցկացնել, եթե, իհարկե, Հայաստանում է լինում: “Այս տարի վստահեմ, որ կնշենք… Դեռևս չենք որոշել, թե ինչպես, բայց մի բան կանենք: Ընտանիքներով երևի կհավաքվենք ու կնշենք”, -եզրափակեց  Արման  Հովհաննիսյանը: