«Սուրիկ Խաչատրյանի կազմակերպած հանցախմբի մեջ առանձնահատուկ դերակատարում են ունեցել իր եղբայրները, մասնավորապես՝ Սեյրան Խաչատրյանը (մականունը՝ Աղալար) և նրա որդիները: Բոլորը գիտեն, որ Սեյրան Խաչատրյանն է 99-ին հարբած, զինված բանդայով հարձակվել Գորիսի մի շարք բնակիչների վրա, նրանց պատճառել մարմնական ծանր վնասվածքներ: 2000-ին նա է, որ զինված հարձակում է գործել Վերիշեն գյուղի բնակիչ Վարազդատի տան վրա՝ վերջինիս սպանելու մտադրությամբ: Վարազդատը մի կերպ իրեն նետել է լուսամատից և թաքնվելով՝ փրկել է իր կյանքը»,- Aravot.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր հետ կապված ոճրագործությունների մասին նոր բացահայտումներ է ներկայացրել Գորիսի՝ 1992- 94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա պատմելով՝ 2000թ.- ին Սեյրան Խաչատրյանը կրակել և ծանր վիրավորել է Գորիսի բնակիչ մի երիտասարդի, անունը՝ Գարիկ.
«Այդ հանցանքների համար ոչ միայն չի պատժվել՝ ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել, բայց կարճ ժամանակ անց նրան տրվել է գժի թուղթ, և այդ թղթի հովանու ներքո նա չի կրել քրեական պատասխանատվություն: 2000-ին մի դեպքի առնչությամբ բախում պետք է տեղի ունենար իմ՝ նկատմամբ, ես դիմել եմ Գորիսի ոստիկանապետին՝ այն ժամանակվա գնդապետ Պետրոսյանին, և Սյունիքի մարզային դատախազին: Այդ դիմումում նշել եմ, որ հանցագործություն է տեղի ունեցել որովհետև գիժ չի Սեյրան Խաչատրյանը, նրան տրվել է գժի թուղթ, նա մի շարք ոճիրներ է հեղինակել՝ պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ եթե գիժ է, ապա նրա տեղը գժանոցում է: Պատասխան ստացել եմ, բայց մինչև օրս Սեյրան Խաչատրյանը ոչ բանտում է, ոչ գժանոցում: Իսկ դրանից հետո նա և նրա որդիները հեղինակել են բազմաթիվ ոճրագործություններ: Նրա որդին՝ Էլնոր Խաչատրյանը, 2004-ին Սերոբ Խաչատրյանի որդու՝ Սարգիսի հետ միասին առանձնակի դաժանությամբ սպանել են Գորիսի 30-ամյա բնակիչ, կարծեմ 3 անչափահասների հայր Հովհաննես Բադալյանին: Սեյրան Խաչատրյանի որդին 1 օր անգամ չի ազատազրկվել: Սեյրան Խաչատրյանի չգրանցված, ապօրինի, հարկեր չվճարող օբյեկտներից մեկում էլ 2004-ին Սուրիկ-Սեյրան-Սերոբ Խաչատրյանների մորաքրոջ թոռը՝ Գրիգոր Մանուչարյանը, առանձնակի դաժանությամբ՝ կացնահարելով սպանել է Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու և ազատազրկման է դատապարտվել ընդամենը 13 տարով»: