Սոցիալապես անապահով որոշ խմբեր անհատույց բնակարան ստանալուն իրավունք կստանան: Այսօր կառավարության նիստում հաստատվեց այդ սոցիալական խմբերի ցանկը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ սա համալիր կոմպլեքս է, որը լուծում է այն խնդիրները, որոնք եղել են տարիներ շարունակ:
«Որոշման նախագծով չորս տիպի կատեգորիաների անձանց հաշվառման և բնակարանների տրամադրման խնդիրն է դրվում», - նշեց նա, հավելելով որ առաջիկայում կլինի նաև նոր սոցիալական համալիրի բացում:
Սոցապ նախարարը նշեց, որ 2003թ. եղել է 599 մանկատան շրջանավարտ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, որոնք հաշվառվել են որպես բնակարանային տրամադրման իրավունք ունեցողներ:
Անդրադառնալով Խարբերդի մանկատանը, նա նշեց. «Խարբերդի մանկատան խնդիրը մի քիչ այլ է, քանի որ այնտեղ մի քիչ այլ խնդիրներ ունեցող երեխաներ են բնակվում , որոնք ունեն բազմաբնույթ այլ կարիքներ և այնտեղ խնամքի անհրաժեշտություն կա: Կան երեխաներ, որոնց 18 տարին արդեն լրացել է, սակայն այլ հնարավորություններ չունենալով, դեռ շարունակում են գտնվել այդ հաստատությունում»:
Նշենք որ, անհատույց բնակարան ստանալու իրավունք ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, սոցիալական անապահովության համակարգում հաշվառված ընտանիքները, միայնակ չաշխատող կենսաթոշակառուները և այլ անապահով խմբեր: