Սոցիալապես անապահով որոշ խմբեր անհատույց բնակարան ստանալուն իրավունք կստանան: Այսօր կառավարության նիստում հաստատվեց այդ սոցիալական խմբերի ցանկը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում  նշեց, որ սա համալիր կոմպլեքս է, որը լուծում է  այն խնդիրները, որոնք եղել են տարիներ շարունակ:

«Որոշման նախագծով չորս տիպի կատեգորիաների անձանց հաշվառման և բնակարանների տրամադրման խնդիրն է դրվում», - նշեց նա, հավելելով որ առաջիկայում կլինի նաև նոր սոցիալական համալիրի բացում:

Սոցապ նախարարը նշեց, որ  2003թ.  եղել է 599  մանկատան շրջանավարտ  և առանց ծնողական  խնամքի մնացած երեխաներ, որոնք հաշվառվել են որպես  բնակարանային տրամադրման իրավունք ունեցողներ:

Անդրադառնալով Խարբերդի մանկատանը, նա նշեց. «Խարբերդի մանկատան խնդիրը մի քիչ այլ է, քանի որ այնտեղ մի քիչ այլ խնդիրներ ունեցող երեխաներ են բնակվում , որոնք ունեն բազմաբնույթ այլ կարիքներ և այնտեղ խնամքի անհրաժեշտություն կա: Կան երեխաներ, որոնց 18 տարին արդեն լրացել է, սակայն այլ հնարավորություններ չունենալով, դեռ շարունակում են գտնվել այդ հաստատությունում»:

Նշենք որ, անհատույց բնակարան ստանալու իրավունք ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, սոցիալական անապահովության համակարգում հաշվառված ընտանիքները, միայնակ չաշխատող կենսաթոշակառուները  և այլ անապահով խմբեր: