Վրաստանի նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին, ընդունվել է 25 թեկնածուի առաջադրում, սակայն երկուսը մերժվել են: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ընթացքում նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
«Հիմնական ֆավորիտներ կարող են լինել Գեորգի Մակրիաշվիլին, Բաքրաձեն և մի շարք այլ քաղաքական գործիչներ, այդ թվում` Նինո Բուրջանաձեն», - նշեց փորձագետը:
Փոխձագետի խոսքերով, անկում է ապրել Իվանիշվիլիի վարկանիշը, այն այժմ կազմում է 69 տոկոս: Համեմատության համար նա նա նշեց, որ Սաակաշվիլիի վարկանիշը 25 տոկոս է կազմում:
Անդրադառնալով Վրաստանի նախագահական ընտրությունների ազդեցությանը հայկական համայնքի վրա, փորձագետը նշեց, որ Վրաստանում փորձում են ժողովրդավարական պետություն ստեղծել, սակայն, Ջ.Մելիքյանի խոսքերով, հայ համայնքը այնտեղ միասնական չէ և կան նաև ընդդիմության ներկայացուցիչների կողմնակիցներ:
«Նոր իշխանությունները փորձում են հայ համայնքի խնդիրներին անդրադառնալ, սակայն այժմ Վրաստանը գտնվում է այնպիսի վիճակում, որ չի կարողանում անդրադառնալ հայկական համայնքի այն բոլոր խնդիրների լուծմանը, որոնք խոստացվել էին», - նշեց նա:
Ըստ Ջ.Մելիքյանի, հայկական համայնքն այժմ հիասթափված է, քանի որ սպասումները շատ էին: Նա նաև նշեց, որ հայկական համայնքն այնքան էլ ակտիվ չէ Վրաստանի քաղաքական կյանքում, ինչը փորձագետի խոսքերով, վատ է, քանի որ թեկնածուների շարքում կա նաև ազգությամբ ադրբեջանցի:
«Պետք է հուսալ, որ գոնե մյուս տարվանից ակտիվ կլինեն»,- նշեց նա, եզրափակելով, որ վրացահայերի համար գլխավոր խնդիրն աշխատանք ունենալն է: