Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ արդեն իսկ ապահով պատվաստվել են ՔՈՎԻԴ-19-ի դեմ՝ մեզ ևս մեկ քայլով մոտեցնելով այն պահին, երբ կսկսենք ավելի շատ զբաղվել մեր սիրած հետաքրքրություններով, լինել սիրելի մարդկանց հետ: Շատերի համար ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը շուտ հասանելի չի լինի, ոմանք էլ, բնականաբար, հարցեր ունեն պատվաստման գործընթացի, ինչպես նաև այն մասին, թե ինչ պետք է արվի, երբ իրենց հերթը հասնի:


ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահական մասնագետները տեղեկացնում են պատվաստման գործընթացի մասին, ինչպես նաև, հուշումներ տրամադրում այն մասին, թե ինչ կարող եք անել նախքան պատվաստումը, դրա ընթացքում և դրանից հետո:

Նախքան պատվաստումը
Ինքներդ ուսումնասիրեք հարցը:

Առցանց տիրույթում պատվաստանյութերի մասին մեծ ծավալի ապատեղեկատվություն կա, ուստի, կարևոր է՝ տեղեկատվությունը մշտապես ստանալ այնպիսի հավաստի աղբյուրներից, ինչպիսիք են՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն: Եթե հարցեր ունեք ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութ ստանալ-չստանալու մասին, ապա զրուցեք ձեր բժշկի հետ: Հետևյալ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ներկայումս չպետք է ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութ ստանան՝ հնարավոր որևէ վնասակար ազդեցությունից խուսափելու համար.

եթե ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութի բաղադրատարրերից որևէ մեկից երբևէ ալերգիկ ռեակցիա եք ունեցել.
եթե ներկա պահին վատառողջ եք կամ ձեզ մոտ առկա են ՔՈՎԻԴ-19-ի ախտանշաններ (թեև առողջանալուն պես և ձեր բժշկի թույլտվությամբ կարող եք պատվաստվել):
Զրուցեք ձեր բժշկի հետ: Եթե երբևէ ծանր ալերգիկ ռեակցիա եք ունեցել որևէ պատվաստանյութից կամ եթե հարցեր ունեք այն դեղորայքի մասին, որը ստանում եք, ապա նախքան պատվաստման այցը զրուցեք ձեզ առողջապահական ծառայություն մատուցողի հետ:

Հոգ տարեք ինքներդ ձեր մասին: Գիշերը լավ հանգստացեք և նախքան պատվաստումը բավականաչափ հեղուկ ընդունեք, որպեսզի օրվա ընթացքում ձեզ լավ զգաք:

Պատվաստվելու ընթացքում
Պահպանեք անվտանգության կանոնները: Պատվաստման վայրում անպայման հետևեք նախազգուշական միջոցներին, ինչպիսիք են, օրինակ, սպասասրահում ֆիզիկական հեռավորությունը պահպանելը, դիմակ կրելը:

Խոսեք. Առողջապահության ոլորտի մասնագետին տեղեկացրեք առողջական այնպիսի խնդիրների մասին, որոնք նախազգուշական միջոցներ են ենթադրում, ինչպիսիք են հղիությունը կամ թուլացած իմունային համակարգը:

Պահպանեք անհրաժեշտ տեղեկությունները: Ձեզ պետք է պատվաստման քարտ տրամադրեն, որում պետք է նշված լինի, թե ՔՈՎԻԴ-19-ի ինչ պատվաստանյութ եք ստացել, երբ և որտեղ եք ստացել: Անպայման պահպանեք այդ քարտը: Հետագայում այն կարող է պետք գալ:

Պատվաստվելուց հետո
Մնացեք հսկողության ներքո: Առողջապահության ոլորտի աշխատողը պետք է պատվաստումից հետո շուրջ 15 րոպե հսկի ձեզ՝ հավաստիանալու համար, որ ձեզ մոտ անմիջական որևէ ռեակցիա չկա: Այդուհանդերձ, ծանր առողջական ռեակցիաներ ծայրահեղ հազվադեպ են ի հայտ գալիս:

Պատրաստ եղեք որոշ կողմնակի ազդեցության: Պատվաստանյութերը նախատեսված են ձեզ իմունիտետ հաղորդելու համար՝ առանց հիվանդությամբ վարակվելու վտանգի: Թեև իմունիտետի ձևավորումը, սովորաբար, կարող է չուղեկցվել կողմնակի ազդեցությամբ, հաճախ է պատահում, որ ի հայտ են գալիս թույլից միջին աստիճանի կողմնակի ազդեցություններ, որոնք առանց որևէ միջամտության անցնում են մի քանի օրում:

Ստորև թվարկված են պատվաստումից հետո ի հայտ եկող թեթևից միջին աստիճանի մի շարք կողմնակի ազդեցություններ.

ձեռքի ցավ՝ պատվաստման տեղում.
թեթևակի ջերմություն.
թուլություն.
գլխացավեր.
մկանային ցավեր կամ հոդացավեր.
դողէրոցք.
փորլուծություն:
Եթե որևէ սիմպտոմ շարունակվում է մեկ-երկու օրից ավելի, կամ եթե ձեզ մոտ ի հայտ է գալիս ավելի ծանր ռեակցիա, ապա անհապաղ կապվեք ձեզ առողջապահական ծառայություն մատուցողի հետ:

Համբերատար եղեք: Իմունիտետի ձևավորումը ժամանակ է պահանջում: Դուք կհամարվեք լիարժեք պատվաստված՝ ՔՈՎԻԴ-19-ի Pfizer-BioNtech կամ Moderna պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց երկու շաբաթ անց կամ ՔՈՎԻԴ-19-ի AstraZeneca պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց 15 օր անց, կամ ՔՈՎԻԴ-19-ի J&J/Janssen պատվաստանյութի եզակի չափաբաժինը ստանալուց երկու շաբաթ անց:

Պահպանեք ձեր և այլոց ապահովությունը: Թեև այս պատվաստանյութերը ապացուցել են ՔՈՎԻԴ-19-ի հարուցած լուրջ հիվանդությունից մարդկանց պաշտպանելու բարձր արդյունավետությունը, մենք դեռևս ուսումնասիրում ենք, թե պատվաստված անձը որքանով կարող է շարունակել վիրուսի տարածումը՝ անգամ առանց սիմպտոմների: Հետևաբար, կարևոր է շարունակել ապահովության միջոցների պահպանումը՝ ինքներդ ձեզ և ուրիշներին պաշտպանելու համար, այդ թվում՝ խուսափելով մարդաշատ վայրերից՝ պահպանելով ֆիզիկական հեռավորությունը, լվանալով ձեռքերը և կրելով դիմակ: