ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր լրագրողներին ներկայացրեց Հայաստանի հանրապետությունից բացակայող քաղաքացիների մասին տեղեկանք: Վերջինս համոզված էր, որ իրենց տեղեկանքը կարող է հիմք հանդիսանալ բանավճեի կամ լրացուցիչ ճշգրտումներ կատարելու համար:
«Պատկերը բավական հետաքրքիր է:Այսօրվա դրությամբ Հայաստանից բացակայող քաղաքացիների թիվը կազմում է մոտ 1 միլիոն 260 հազար մարդ: Սա ընտրացուցակում ներառված քաղաքացիների մոտ 50% է: Սա մեծ թիվ է և նշանակում է , որ Հայաստանում ֆիզիկապես ներկա է մոտ 1 միլիոն 250 հազար ընտրողներ: Եթե հավատանք սոցհարցումներին, որոնց համաձայն քվեատուփերին կմոտենան ընտրողների 56%-ը, ապա սա կնշանակի, որ քվեատուփերին հնարավորություն կունենան մոտենալ 800-850 հազար մարդ»,- ասաց Արման Մելիքյանը:
ՀՀ նախագահի թեկնածուն տեղեկացրեց, որ իր վերլուծությունների համար հիմք է հանդիսացել ժողովրդավարության և ընտրություններին աջակցող ազգային ինստիտուտի վիճակագրական տվյալները,ինչպես նաև պաշտոնական այն տվյալներ , որոնք իրեն փոխանցել են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից: