Սուրիկ Խաչատրյանը, փաստորեն, երկրորդ «սեփական» պատգամավորը կունենա Սյունիքի մարզում:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ դեռ շաբաթներ առաջ, երբ «ՀԺ» աղբյուրները հայտնել էին, որ թիվ 38 ընտրատարածքում պատգա­մավորի հավանական թեկնածու­ներից մեկը Կապանի նախկին քա­ղաքապետ Արմեն Կարապետյանն է, ով վերջին տարիներին նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի խորհրդականն էր ու համարվում է նրա մարդը, քչերն Էին հավատում, որ ՀՀԿ-ն հենց նրա թեկնածությու­նը կհաստատի սույն ընտրատարածքում: Բանն այն է, որ Արմեն Կարապետյանը լուրջ հակասու­թյուններ ունի Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի հոր՝ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հա­կոբյանի հետ և Կապանի քաղա­քապետի վերջին ընտրություննե­րում նա կրկին քաղաքապետ չդարձավ, քանի որ Մաքսիմ Հա­կոբյանը նրան չօգնեց: Այդուհան­դերձ, Լիսկան պաշտոնին հրաժեշտ տալուց հե­տո էլ շարունակում է մնալ ՀՀԿ Սյու­նիքի տարածքային կառույցի ղե­կավարը, թիվ 38 ընտրատարած­քում առաջարկեց հենց Կապանի նախկին քաղաքապետի թեկնա­ծությունը, որը և ՀՀԿ ԳՄ նիստում հաստատվել է: ՀՀԿ թերթի աղբյուրնե­րը հայտնել են, որ Լիսկայի և Մաքսիմ Հակոբյանի միջև տեղի է ունեցել գործարք:

Հիշեցնենք, Լիս­կան իր պաշտոնանկությունից հե­տո փորձում էր հասնել նրան, որ Սյունիքի մարզպետ դառնա փոխմարզպետ Արա Դոլունցը, ով նրա կամակատարն է, այդ կերպ մարզը շարունակելու էր մնալ Սուրեն Խա­չատրյանի լիակատար ազդեցու­թյան ներքո: Գործող մարզպետը, սակայն, չէր ցանկանում աշխատել փոխմարզպետ Դոլունցի հետ: Եվ ահա, ըստ հավաստի տեղեկությունների, Սուրեն Խաչատրյանն ու Մաքսիմ Հակոբյանը համաձայնու­թյան են եկել, որ Դոլունցը պետք է հրաժարական տա Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից, իսկ փոխարենը թիվ 38 ընտրատարածքում ոչ թե Մաքսիմ Հակոբյանը թեկնածու կառաջադրի, այլ Սուրեն Խաչատրյանը: