Սուրիկ Խաչատրյանը, փաստորեն, երկրորդ «սեփական» պատգամավորը կունենա Սյունիքի մարզում:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ դեռ շաբաթներ առաջ, երբ «ՀԺ» աղբյուրները հայտնել էին, որ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի հավանական թեկնածուներից մեկը Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանն է, ով վերջին տարիներին նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի խորհրդականն էր ու համարվում է նրա մարդը, քչերն Էին հավատում, որ ՀՀԿ-ն հենց նրա թեկնածությունը կհաստատի սույն ընտրատարածքում: Բանն այն է, որ Արմեն Կարապետյանը լուրջ հակասություններ ունի Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի հոր՝ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ և Կապանի քաղաքապետի վերջին ընտրություններում նա կրկին քաղաքապետ չդարձավ, քանի որ Մաքսիմ Հակոբյանը նրան չօգնեց: Այդուհանդերձ, Լիսկան պաշտոնին հրաժեշտ տալուց հետո էլ շարունակում է մնալ ՀՀԿ Սյունիքի տարածքային կառույցի ղեկավարը, թիվ 38 ընտրատարածքում առաջարկեց հենց Կապանի նախկին քաղաքապետի թեկնածությունը, որը և ՀՀԿ ԳՄ նիստում հաստատվել է: ՀՀԿ թերթի աղբյուրները հայտնել են, որ Լիսկայի և Մաքսիմ Հակոբյանի միջև տեղի է ունեցել գործարք:
Հիշեցնենք, Լիսկան իր պաշտոնանկությունից հետո փորձում էր հասնել նրան, որ Սյունիքի մարզպետ դառնա փոխմարզպետ Արա Դոլունցը, ով նրա կամակատարն է, այդ կերպ մարզը շարունակելու էր մնալ Սուրեն Խաչատրյանի լիակատար ազդեցության ներքո: Գործող մարզպետը, սակայն, չէր ցանկանում աշխատել փոխմարզպետ Դոլունցի հետ: Եվ ահա, ըստ հավաստի տեղեկությունների, Սուրեն Խաչատրյանն ու Մաքսիմ Հակոբյանը համաձայնության են եկել, որ Դոլունցը պետք է հրաժարական տա Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից, իսկ փոխարենը թիվ 38 ընտրատարածքում ոչ թե Մաքսիմ Հակոբյանը թեկնածու կառաջադրի, այլ Սուրեն Խաչատրյանը: