ԿԺԴՀ Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը բարեկամական պետական այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Բացի դրանից, հունիսի 19-20-ը Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հրավերով ՌԴ նախագահը պետական այցով կմեկնի Վիետնամ։
Հանոյում հանդիպումներ կանցկացվեն Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, նախագահ Թո Լամի, կառավարության վարչապետ Ֆամ Մին Թինի և Ազգային ժողովի նախագահ Չան Թհան Մանի հետ։
Նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական և հումանիտար ոլորտներում Ռուսաստանի և Վիետնամի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման վիճակը և հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։
Բանակցությունների արդյունքներով կընդունվի համատեղ հայտարարություն եւ մի շարք երկկողմ պայմանագրեր կստորագրվեն։