Եգիպտոսում հայտնաբերվել է ոսկեգույն լեզվով տղամարդու խորհրդավոր մումիա։ Livescience կայքը հաղորդել է հնագետների ամենահետաքրքիր հայտնագործության մասին՝ հղում անելով Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությանը։ Պեղումները կատարվել են եգիպտացի և դոմինիկյան մասնագետների կողմից՝ Տապոսիրիս Մագնա հին քաղաքի տարածքում, որը գտնվում է ժամանակակից Ալեքսանդրիայից 15 կիլոմետր հարավ-արևմուտք։ Սկզբում գտնվեց Կլեոպատրա VII-ի գահակալության ժամանակաշրջանի մետաղադրամների մի գաղտնարան, որի վրա պատկերված էր նրա դիմանկարը։
Այնուհետև հնագետները միանգամից պեղել են 16 նոր թաղում, որտեղ մումիաները հայտնաբերվել են արձանների, ձեռագրերի և այլ թաղման արտեֆակտների հետ միասին։ Սակայն գիտնականներին ամենաշատը զարմացրեց ոչ թե այս հարստությունները, այլ մի մարդու մնացորդները, որի բերանը ոսկե լեզու էին մտցրել բալզամման ժամանակ։
Թե ինչու է դա արվել, մնում է մեծ առեղծված։ Այդ դարաշրջանի թաղման ավանդույթների հետ կապված կան մի քանի տարբերակներ, սակայն գրավոր աղբյուրներում նման սովորույթների վերաբերյալ որևէ ապացույց կամ հղում չի հայտնաբերվել։
Գիտական հետաքրքրություն է ներկայացնում նաև կնոջ մումիան, որի մարմնի զգալի մասը ծածկված էր հմտորեն պատրաստված դիմակով։ Մահացածի դեմքը պատկերված էր բարի ժպիտով, ինչը բնավ բնորոշ չէ եգիպտական թաղումներին։
Սովորաբար դեմքերը մնում են հանգիստ, առանց հույզերի։ Սակայն դրանք շատ մանրամասն են, ինչը գիտնականներին մեծ գիտելիքներ է տալիս այդ ժամանակի սանրվածքների, հագուստի և զարդերի նորաձևության մասին։ Այս մումիաների տարիքը առնվազն երկու հազար տարի է։