Հուլիսի 29-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռոստովի մարզի Սալսկ քաղաքի վրա, հայտնել է մարզի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։ Նրա տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է երկաթուղային կայանը, որտեղ հարձակումը հետ մղելու արդյունքում հրդեհ է բռնկվել։ «Նախնական տվյալներով՝ մարդկանց շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 45 մարդ և 12 միավոր տեխնիկա», - գրել է Սլյուսարը Telegram-ի իր ալիքում։ Բացի այդ, Օստրովսկի փողոցում վնասվել է մի ավտոմեքենա, իսկ դրանում գտնվող վարորդը մահացել է։ Զոհվածի ինքնությունը պարզվում է, հավելել է Սլյուսարը։


Ռուսական երկաթուղիները հայտնել են Սալսկ կայարանի միջով գնացքների երթևեկության դադարեցման մասին։ «ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով խախտվել է կոնտակտային ցանցի աշխատանքը։ Երկաթուղայինները հնարավոր ամեն ինչ անում են ուղևորատար գնացքների ուշացումները կրճատելու համար», - նշել են պետական ընկերությունում։ Նրանց տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել է Նովոկուզնեցկ - Կիսլովոդսկ № 59 գնացքի երկու վագոնի ապակեպատումը։ Ուղևորները տարհանվել են, տուժածներ չկան։ Բացի այդ, կայանած բեռնատար գնացք է այրվել, հրդեհը մարելու համար ուղարկվել է հրշեջ գնացք։ Հյուսիսկովկասյան երկաթուղին (ՀԿԵ) հստակեցրել է, որ հարձակումից հետո ավելի քան չորս ժամով կուշանան 9 ուղևորատար գնացքներ։

Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Ռոստովի մարզի երկաթուղային ենթակառուցվածքների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից արդեն չորրորդ հարձակումն է։