Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ԱԺ-ում  58 դեմ ձայնով մերժվեց գազի ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական երեք պատգամավորներ ձեռնպահ էին քվեարկել այս օրինագծին: 

Մի քանի լրագրողների հետ զրույցի  ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս առնչությամբ նշեց, թե ինքը հույս ունեցել է, որ իշխանության մեջ էլ «ողջամիտ» մարդիկ կան: Մեր հարցին, թե ՀՀԿ-ում երեք ողջամի՞տ պատգամավոր կա, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Երեքն էլ քիչ չեն: Դա արդեն խոսում է այն մասին, որ կան մարդիկ, որ հոգով-սրտով մեր հետ են, բայց կարգավիճակի բերումով ստիպված են հետևել իրենց առաջնորդների հրահանգներին: Երբ ժողովուրդը ստիպի բոլորին իր հետ լինել, այդ ժամանակ՝ նրանք էլ մեզ հետ կլինեն»: