Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966 թվականի մարտի 9-ին, Երևանում:
Սովորել է Երևանի Հ.Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում: Մանկության տարիներին օրվա մեծ մասն անցկացնում էր գրադարանում, որտեղ աշխատում էր մայրը` տիկին Զարիկը: Շատ էր կարդում Չարենց, Թումանյան, Շիրազ: Դպրոցն ավարտելուց մեկ տարի հետո, որպես կամավոր, մեկնում է Աֆղանստան. երազում էր ռազմարվեստի գիտակ լիներ և աֆղանական պատերազմը լավ հնարավորություն էր երազանքն իրականացնելու համար: «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի: Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու», - ասում էր Վարդանը:
Աֆղանստանից վերադառնալուց հետո, Վարդան Ստեփանյանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Հետո սկսվում է Արցախյան պատերազմը, Վարդանն առաջիններից էր, ով «վազեց» մարտի դաշտ. 1989-92 թթ-ին մասնակցեց Իջևանի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի (Շուռնուխ), ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական, Կրկժանի, Հադրութի, Խոջալուի, Լեսնոյի, Մալիբեյլիի ազատագրական մարտերին, իսկ Շուշիի և Լաչինի ազատագրման ժամանակ եղել է ջոկատներից մեկի հրամանատարը, որի ընթացքում Դուշմանն իր ջոկատով ոչ մի զոհ չտվեց։ Մարտական ընկերները պատմում են. «Շուշիի ազատագրումից հետո նա մտնում է հայկական գերեզմանատուն, անցնում շիրիմից-շիրիմ և գոչում՝ մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»:
Հանգստության կոչից հետո, Վարդանն ինքն իրեն հանգստություն «չշնորհեց». նույն գիշեր իր տղաների հետ մասնակցեց Զառիսլու գյուղի մոտ ընթացող կարևոր ու դժվարին կռվին. պետք էր ականապատել դեպի Բերդաձոր տանող ճանապարհները, այլապես ազերիները նորից ետ էին վերցնելու Շուշին։ Սրտացավ հրամանատարն իր զինվորներին անընդհատ հիշեցնում էր. «Պիտի կռվենք մինչև վերջ, պիտի ապրենք բոլորս միասին մինչև վերջ»: Դուշմանը զոհվեց 1992-ի հուլիսի 3-ին` Ղարաբաղի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մատույցներում, ականի պայթյունից: Մեկ պատգամ թողեց. «Եթե մեռնեմ, գեղեցիկ հագնված, զինվորին վայել կեցվածքով կգաք, լաց չլինեք, գլխիս տակ էլ դաշույն կդնեք, որ այնտեղ էլ անարդարությունների դեմ պայքարեմ»:
1993թ. օգոստոսի 10-ին, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Դուշման Վարդանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։