ՀՀ կառավարությունը կշարունակի հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները, բայց միայն 2018 թվականից, այս մասին հայտնում է armenpress-ը:
Այս մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որը հավանության արժանացավ գործադիրի` մայիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստում:
«Արմենպրես»-ի հաղորդմամ՝ էներգետիկայի ոլորտում կառավարության քաղաքականությունը միտված կլինի երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, օրենսդրական խթանների ձևավորմանը՝ նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար, վերականգնվող էներգետիկայի նպատակային զարգացմանն ուղղված քաղաքականության վարմանը, այդ թվում` առկա հիդրոներուժի, արևային և հողմային էներգիայի օգտագործման ընդլայնում և արդյունավետության բարձրացմանը:
Գործադիրն առաջիկա տարիներին կիրականացնի նաև գեոթերմալ էներգետիկայի ներդրմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներ, էներգախնայողության միջոցառումների ներդրմանը նպաստող քաղաքականություն, էներգահամակարգի հետևողականորեն վերազինում`բարձրացնելով էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշները և մատակարարման հուսալիությունը:
Կառավարությունը կշարունակի նաև Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը, որը Հայաստանից հարևան երկրներով էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություն կստեղծի:
Շարունակական աշխատանքներ կիրականացվեն Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացման և գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ: