ՀՀ կառավարությունը կշարունակի հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները, բայց միայն 2018 թվականից, այս մասին հայտնում է armenpress-ը:

 Այս մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որը հավանության արժանացավ գործադիրի` մայիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամ՝ էներգետիկայի ոլորտում կառավարության քաղաքականությունը միտված կլինի երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, օրենսդրական խթանների ձևավորմանը՝ նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար, վերականգնվող էներգետիկայի նպատակային զարգացմանն ուղղված քաղաքականության վարմանը, այդ թվում` առկա հիդրոներուժի, արևային և հողմային էներգիայի օգտագործման ընդլայնում և արդյունավետության բարձրացմանը:

Գործադիրն առաջիկա տարիներին կիրականացնի նաև գեոթերմալ էներգետիկայի ներդրմանն ու զարգացմանն ուղղված միջոցառում​ներ, էներգախնայողության միջոցառումների ներդրմանը նպաստող քաղաքակա​նություն, էներգահամակարգի հետևողականորեն վերազինում`բարձրացնելով էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշները և մատակարարման հուսալիությունը:

Կառավարությունը կշարունակի նաև Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրա​հաղորդման օդային գծերի կառուցումը, որը Հայաստանից հարևան երկրներով էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություն կստեղծի:

Շարունակական աշխատանքներ կիրականացվեն Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացման և գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ: