Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ռուսական բաժնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ քննարկելու հանրապետությունում ռուսերենի դասավանդման հիմնախնդիրները, ինչպես նաև ուրվագծելու համագործակցության նոր եզրեր:
Հանդիպման ընթացքում դասախոսները դեսպանին ներկայացրին ոլորտում առկա խնդիրները և առաջարկեցին լուծման իրենց տարբերակները. մասնավորապես, Հայաստանում հիմնել ռոսական բազային դպրոց, համատեղ մշակել ուսանողների փոխանակման ծրագրեր, ստեղծել ռուսական գրական ստեղծագործությունների էլեկտրոնային տարբերակները և այլն:
Հանդիպման ավարտին ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը շնորհավորեց ներկաներին Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին հանրապետության տոնի առթիվ և բարեմաղթանքների հետ մեկտեղ հույս հայտնեց, որ Մանկավարժական համալսարանի ռուսական բաժնի շրջանավարտներն իրենց ապագան պատկերացնում են ռուսաց լեզվի և գրականության դասավանդման խորն ու համապարփակ ըմբռնմամբ:
ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը դեսպանին շնորհեց «Մանկավարժական համալսարան» մեդալ՝ ի նշան հարգանքի և բուհում ռուսաց լեզվի եւ գրականության ուսումնասիրման, ռուսերենի ուսուցիչների պատրաստման կարևորության:


