Այսօր համացանցում հայտնվել են մալազիական Boeing 777 ինքնաթիռի կործանման վայրի՝ արբանյակից արված լուսանկարները։ Ներկայացված կադրերում երևում է այն տեղանքը, որը տուժել է աղետից բռնկված հրդեհից։
Ինչպես նշում է «korrespondent.net»-ը, լուսանկարներն արվել են Ուկրաինայի Դոնեցկի մարզում՝ Գրաբովո գյուղի մոտակայքում։ Աղբյուրը նախազգուշացնում է, որ հրապարակված լուսանկարներից որոշները պարունակում են շոկային կադրեր, որոնք խորհուրդ չի տրվում դիտել 18 տարեկանը չլրացած անձանց։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ռուս-ուկրաինական սահմանին կործանվել է Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող մալազիական ինքնաթիռը, որում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը որևէ առնչություն չունի վթարին։ Ռուսամետ անջատողականները ևս նշել են, որ իրենք չեն ստանձնում տեղի ունեցածի պատասխանատվությունը։