Այսօր «PayPal»-ը հնարավոր է հեշտությամբ կանխիկացնել կամ փոխարկել iDram-ով: Հուլիսի 23-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Idram» ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը և ավելացրեց, որ սա իրականում նախադեպը չունեցող ծառայություն է: Արդեն իսկ գործում է մասնագիտացված paypal.idram.am կայքը, որտեղ ընհամենը նշելով ստացողի անունը հեշտությամբ հնարավոր է կանխիկացման գործարքը: Նշենք նաև, որ այս կայքի շնորհիվ գումար ստանալու համար անհրաժեշտ չէ ունենալ PayPal հաշիվ:
Ն. Վարդանյանը նաև հավելեց, որ այս ձեռքբերումը հնարավոր է դարձել ամերիկյան «ePrime Global» կազմակերպության և «Idram» ընկերության համագործակցության շնորհիվ: Շուտով հնարավոր կլինի իրականացնել նաև հակառակ գործընթացը՝ PayPal դրամապանակի լիցքավորում Idram հաշվից:
Իսկ ինֆորմացիոն տեխնոլոգիաներիձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը դիտարկեց հարցը ՏՏ ոլորտի տեսանկյունից. «Ոլորտի զարգացումը այսօր դժվար խնդիր է: Մի քանի խնդիրներ կան, որոնք սահմանափակում են ՏՏ ոլորտի զարգացումը: Ձեռքբերումը իր մեջ ներառում է տարբեր մոտեցումներ՝ ինչպես վճարային համակարգերի տեսանկյունից, այնպես էլ մաքսային ձևակերպումների»:
«Idram» ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը շնորհավորեց ամբողջ ինտերնետ հասարակությանը այս կարևորագույն ձեռքբերման համար և ավելացրեց. ««Idram» ընկերությունը այս տարի նշում է իր 10-րդ տարեդարձը և մենք փորձում ենք հատկանշական ու աննախադեպ ծառայություններով դիմավորել այդ տարեդարձը»: