Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի կողմից կազմակերպած «ցույցի» ժամանակ ոստիկանների ոտքի տակ պայթուցիկ է նետել «սպիտակ ստորտային հագուստով մի տղամարդ»: Պարզվեց, որ դա ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանն է: Այս մասին հուլիսի 30-ին ընթացող դատի ժամանակ ասաց տուժող ոստիկանը: Նա մասնավորապես նշել է.
«Սպիտակ սպորտային համազգեստով քաղաքացին պայթուցիկ գցեց, որը հետո պարզվեց՝ Ավետիս Ավետիսյանն է: Ես վազեցի նրա հետևից և գետնին պառկեցրի։ Հետո մոտ քսանիհինգ տարեկան, ակնոցով, կապույտ վերնաշապիկով մի երիտասարդ ինձ կողքի հրեց ու գետնին գցեց, ես գլուխս բռնեցի, որ ասֆալտին չխփեմ»:
Տուժող ոստիկաններից մյուսը դատական նիստի ընթացքում ասել է. «Այդ օրը ծառայություն եմ անցկացրել այդ հատվածում։ Հետևի մասում եմ եղել շենքի, հասել եմ էդ վայր, կոչեր եմ լսել՝ փողոց դուրս չգաք, փողոցն ազատեք, հետո այդ պահին պայթյուններ եմ լսել, մուխ է եղել։ Էդ մուխը լցվել ա աչքերս, մի պահ արցունք է լցվել, մինչև մաքրել եմ, տեսել եմ քաշքշոց, լսել եմ, որ ասում են՝ միլիցա խփեք»:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 2013թ.-ի նոյեմբերի 5-ին իր համախոհների հետ երթ էր սկսել դեպի նախագահական նստավայր: Ոստիկանները փորձելով կանգնեցնել երթը հանգեցրել էին բախումների, որոնց արդյունքում էլ ձերբակալվել էին Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները: