«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից արդեն իսկ ավարտվել են «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող երկու բնակելի շենքերի սեփականատերերի համար նախատեսված նոր շենքերի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունից:

Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցում գտնվող բազմաբնակարան շենքերը  2014 թվականի հունիսի 14-ին հանձնվեցին շահագործման: Ներկայումս տարվում են աշխատանքներ՝ նոր բնակարանների սեփականության վկայականները տրամադրելու ուղղությամբ, ինչից հետո կսկսվի 66 շահառու ընտանիքների տեղափոխման գործընթացը: Ընդանուր առմամբ, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը գնահատվում է շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար:

Իսկ ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքի հանրակացարանում բնակվող ևս 90 ընտանիքների վերաբնակեցմանը, ապա աշխատանքներն այդ ուղղությամբ դեռ ընթացքի մեջ են: