ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում՝ Նապա քաղաքից 9 կմ հեռավորության վրա երեկ՝ օգոստոսի 24-ին, տեղի ունեցած 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 120-ի: Այս մասին հայտնել է Queen of the Valley Hospital բժշկական կենտրոնի տնօրեն Ուոլթ Միկենսը, հաղորդում է РИА Новости-ն։

Միկենսի խոսքով՝ կենտրոնում է գտնվում առնվազն 120 մարդ, տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Նա նաև հայտնել է, որ տուժածներից 6-ը, այդ թվում՝ մեկ երեխա, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Երկրաշարժից տուժած շրջաններում նահանգապետ Ջերի Բրաունի հրահանգով արտակարգ դրություն է սահմանվել: Նահանգապետը նաև կարգադրել է նահանգի պետական ծառայություններին օգնություն ցուցաբերել տեղական իշխանություններին՝ երկրաշարժի հետևանքների վերացման հարցում։