Սահմանամերձ գոտուց եկած առաջին կուրսի ուսանողների համար նախատեսվում է կիրառել մինչեւ 30 տոկոս ուսման վարձի զեղչ: Այս մասին բուհերի ռեկտորների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Կառավարության առաջարկությամբ և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այժմ մշակվում է սոցաիալական աջակցության ծրագիր՝ վերջին շրջանում գնդակոծության ենթարկված սահմանամերձ համայնքների ուսանողների համար: Սահմանամերձ գոտուց եկած առաջին կուրսի ուսանողների համար նախատեսվում է կիրառել մինչեւ 30 տոկոս ուսման վարձի զեղչ, իսկ արդեն 2-րդ կուրսից սկսած զեղչը կպահպանվի, եթե տվյալ ուսանողը կապահովի բուհերի կողմից սահմանված միջին որակակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմը:
Կառավարության ծրագրով այս տարի նախատեսվում է աջակցել մինչեւ 1500 սոցիալապես անապահով ուսանողների: Նախարարը նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև սույն թվականի սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն պետք է ներկայացնեն պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ուսանողների անվանացանկը:


