ՕԵԿ-ի դիմումը, հանցակազմ չլինելու պատճառով, մերժվել է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ագրարային համալսարանի ընդհանուր հարցերով գծերով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը:
Վերջինս նշեց, որ նախքան քննիչի եզրակացությունը՝ ՕԵԿ-ականները ուսանողների պահվածքն արդեն որակել էին խուլիգանություն:
Հովհաննես Մարգարյանի ողնաշարի վնասվածքի կապակցությամբ պրոռեկտորը ընդգծեց հետևյալը. «Պարզվեց, որ Հովհաննես Մարգարյանը յոթ տարի բողոքում էր ողնաշարի ցավից, իսկ Հեղինե Բիշարյանը հրաժարվել էր բժշկի դիմելց»:
Իսկ ինչ վերաբերում է Հովհաննես Մարգարյանի ներկայացրած այն փաստաթղթին, որտեղ ռեկտորը ստորագրությամբ տվել է իր համաձայնությունը տարածքը ՕԵԿ-ին հանձնելու վերաբերյալ՝ Պարույր Էֆենդյանն ասաց, որ Հովհաննես Մարգարյանը կարդացել է միայն առաջին պարբերությունը, սակայն այնտեղ կա չորս կետ: «2008 թվականին նրանք դիմել են մեզ, որ տանք համաձայնություն, սակայն մենք տվել ենք այդ համաձայնությունը չորս պայմանների առկայության դեպքում»,-ասաց նա:
Հեղինե Բիշարյանի որդու պահվածքին անդրադառնալով` Պարույր Էֆենդյանն ասաց. «Դաստիարակության հարց է, եթե մոր ներկայությամբ երեխան հայհոյում է, դա ամեն դեպքում տգեղ բան է, սակայն մենք դա քննարկման առարկա չենք դարձնի։ Չեմ կարծում, որ Հեղինե Բիշարյանը ուրախ էր այդ պահվածքից, բայց երևի տղան պոռթկացել է»։
«Պարզվում է՝ «Օրինաց երկիրը» օրենքից դուրս է: Վատն այն է, որ պատգամավորն ինքը չի ենթարկվում օրենքին»,-հավելեց պրոռեկտորը:
Ազգային ագրարային համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը նշեց, որ իրենց նպատակ են ունեցել միայն հանրությանը ճիշտ ներկայացնել իրավիճակը: Նա ասաց, որ ՕԵԿ–ականները հայտարարություն են տալիս դատախազությանը, իսկ հետո չեն ներկայանում բացատրություն տալու:
«Համալսարանին պատկանող 190 քմ-ը պետության սեփականությունն է, պետության շահը, պետական կառույցները պետք է արձագանքեն: Նրանք շարունակում են կատարել ապօրինի շինարարությունը»,-ասաց Դանիել Պետրոսյանը և նշեց, որ շինարարության ապօրինի լինելու փաստն ապացուցում է քաղաքապետարանի կողմից ՕԵԿ-ին ներկայացված վարչական երկու տույժերը՝ 2,5 միլիոն դրամի չափով:
Դանիել Պետրոսյանը նշեց նաև, որ ԱԺ–ն պետք է գնահատի նրանց վարքագիծը, քանի որ կեղծ հայտարարություն են տարածել. «Մենք գործ ունենք բազմահազար ուսանողության հետ, ես ինչպե՞ս ՕԵԿ պատգամավորների արարքը մեկնաբանեմ ուսանողին»։
«Ես դիմում եմ ՕԵԿ նախագահին, պատգամավորներին՝ ձեռքներդ հեռո՛ւ Ագրարային համալսարանից և ցանկացած բուհի տարածքից»,-ասաց պրոռեկտորը և նշեց, որ անհանգստություն ունի, որ կհայտնվեն էլի մարդիկ, որ ոտնձգություն կկատարեն թեկուզ այլ ուսումնական հաստատությունների նկատմամբ:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 13-ին Հայաստանի ագրարային համալսարանի մետ 100 ուսանողներ և դասախոսներ հավաքվել են համալսարանի բակում: Ուսանողների և դասախոսների մոտ զայրույթ է առաջացրել ՕԵԿ-ի նախկին լաբորատորիայի տարածքում կատարած շինարարական աշխատանքները:


