Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր տեղի ունեցավ դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը:

Միջնորդող կողմի հայցը` Վարդան Պետրոսյանին նորից հարցաքննության ենթարկելու, մերժվեց: «Ես շատ եմ ցավում, որ տուժածներին բերում են այստեղ և լարված վիճակ է ստեղծվում, ես իմ ցուցմունքն արդեն տվել եմ, հիմա հրաժարվում եմ պատասխանել բոլոր հարցերին, բոլոր հարցերին կպատասխանեմ լռությամբ, որպեսզի լարված իրավիճակ չստեղծվի, ինչպես եղել է նախորդ դատական նիստերի ընթացքում»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Վերջինս նաև հավելեց, որ երբ զանգել է տուժող Հայկ Հակոբյանին ցավակցելու նապատակով, վերջինս ասել է, թե իրեն հարցեր ունի տալու, ինչին ի պատասխան` Վարդան Պետրոսյանն ասել է, թե կգա այդ օրը, երբ ինքը կկանգնի Հայկ Հակոբյանի առջև, կնայի աչքերի մեջ և կտա բոլոր հարցերի պատասխանները:

Դիմելով Արթուր Հակոբյանին, ով ասաց, թե «շատ, շատ-շատ հարցեր ունի, 16 տարեկան երկու երեխա են կորցրել, մինչև կյանքի վերջ էլ հարցեր են ունենալու», Վարդան Պետրոսյանն ասաց. «Արթո՛ւր, ես քո բոլոր հարցերին կտամ պատասխան, բայց ո՛չ դատարանում, դրանք դատարանի հարցեր չեն, քո դրսի հարցերին ես կպատասխանեմ դրսում»:

Դատական նիստի ժամանակ հանդես եկավ մեքենաների տեխնիկական մասով փորձագետ, ով պաշտպանական կողմի հարցին, թե վթարի պահին Նիվա մակնիշի մեքենայի հետընթաց լույսերը վառվե՞լ են, ինչպես իր ցուցմունքում նշել է Վարդան Պետրոսյանը, փորձագետը պատասխանեց. «Պարզել ենք, որ վթարի պահին Նիվա մակնիշի մեքենայի հետընթացի լույսերը վառված են եղել և վառված են եղել նաև արգելակման լույսերը»:

Փորձագետը բացառեց նաև, որ առանց փոխանցման տուփը հետընթացի վրա դնելու վրա հնարավոր լինի, որ հետընթացի լույսերը վառվեին:

Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց, որ դատարանը թույլ չտա, որպեսզի պաշտպանը գազի բալոնի վերաբերյալ որևէ հարց հնչեցնի: «Գազի բալոնը որևէ կապ չունի երեխաների մահվան հետ, ի՞նչ է ամեն անգամ խոսում գազի բալոնի մասին»,-ասաց նա։ Նիկոլայ Բաղդասարյանն էլ իր հերթին ասաց, թե միանշանակ պնդում է, որ գազի բալոնն է եղել երեխաների մահվան պատճառ: Դատական նիստը շարունակվում է: