Հայաստանում որևէ տնտեսական քաղաքականություն չի նպաստում միջին խավի ձևավորմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Գլխավոր խնդիրը պետք է լինի փոքր ու միջին բիզնեսի, աշխատավարձի ու աշխատատեղերի ստեղծման քաղաքականության միջոցով նպաստել նման խավի ձևավորումը, ինչը երկրում նաև ժողովրդավարության ամրապնդման կարևոր հենասյունը պետք է լինի»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Ինչ վերաբերում է միջին խավի բացակայության դեպքում հնարավոր բոլոր ցնցումներին, ապա պատգամավորը նկատեց, որ ցանկացած հասարակության մեջ թեկուզ գունավոր հեղափոխությունը կամ հեղաշրջումը ակնհայտորեն չի նպաստում երկրի զարգացմանը։

Արծվիկ Մինասյանի խոսքով`  առանց միջին խավի ոչ միայն վտանգված է երկրի կայունությունը, այլ վտանգված է ընդհանրապես երկրի անվտանգությունը։ «Եթե չկա միջին խավ, չկա նաև ազատ միտք, իսկ եթե չկա ազատ միտք, չկա նաև ազատ քաղաքացի, չկա ազատ քաղաքացի, նշանակում է երկրում առաջընթացը բացառված է, իսկ բացառված առաջընթացի պայմաններում երկիրը սկսում է հետընթաց արձանագրել կամ կորցնում է իր պետականությունը, ինչի նշույլներն արդեն երևում են։ Օր առաջ միջին խավի նկատմամբ նպատակային, թիրախային քաղաքականությունը պետք է դառնա բոլորի համար առաջնորդող քաղաքականություն»,-ընդգծեց նա:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը նույնպես կիսեց այն միտքը, որ ինչպես ցանկացած երկրի, այնպես էլ Հայաստանի համար միջին խավը երկրի կայունության հիմքն է։ «Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում միջին խավի ձևավորումը տևական ժամանակ պահանջող գործընթաց է։ Հայաստանում ընթանում է միջին խավի ձևավորումը, և ցավոք, այսօր այդ ձևավորումը հեռու է իր վերջնական կարգավիճակից»,- ասաց նա։

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի խոսքով` կարևորն այն է, թե ինչ ենք հասկանում միջին խավ ասելով` օրինակ բերելով, որ ԱՄՆ-ում միջին խավ են համարվում նրանք, ովքեր տարեկան ստանում են 50 հազար դոլար աշխատավարձ և ընդգծեց, որ «այն խավը, որը ունևոր է, քաղաքականապես պասիվ է և կտրուկ քայլերի չի դիմի։ Կտրուկ քայլերի դիմում են նրանք, ովքեր կամ կորցրել են, կամ կորցնելու բան ունեն և պաշտպանվում են։ Մեր տվյալներով 15-17 տոկոսն են պատրաստ ըմբոստ քայլերի դիմել՝ իրենց իրավունքները կամ սուր խնդիրները լուծելու համար»։