Հայաստանում հաշվառված է գրեթե 46.000 մարդ, որոնցից մոտավորապես 10.000-ի մոտ առկա են շիզոֆրենիա և շիզոտիպիկ խանգարումներ: 46.000-ից հաշմանդամ է գրեթե 20.000-ը: 1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի կողմից հոկտեմբերի 10-ը հռչակվեց Հոգեկան առողջության համաշխարհային օր: Օրվա խորհուրդն է մեկ անգամ ևս հասարակության, կառավարությունների, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների վրա:
Ամբողջ աշխարհում այս ոլորտի հիմնախնդիրները գնալով ահագնանում են:

ԱՀԿ տվյալներով՝ 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում: Աշխարհի բնակչության 25%-ի մոտ կյանքի ընթացքում լինում է որևիցե հոգեկան խանգարում, ինքնասպանություն կատարողների 60%-ի մոտ առկա է հոգեկան խանգարում: Աշխարհում 26 միլիոն մարդ ապրում է շիզոֆրենիա ախտորոշմամբ և շիզոֆրենիան հաշմանդամություն առաջացնող առաջատար պատճառներից է:

Շիզոֆրենիայով հիվանդների 50%-ը բուժօգնության մատչելիության խնդիր ունի, իսկ
զարգացող երկրներում շիզոֆրենիայով հիվանդների 90%-ը բուժում չեն ստանում:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի առողջապահության նախարարության տեղեկատվական բաժնից, Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբեր ամիսը հայտարարել է հոգեկան առողջության միամսյակ: