Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ահազանգ էր ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր 5 հասցեում առաջացել է ջրահեռացման համակարգի վթար, և կեղտաջրերը լցվում են հարևանությամբ բնակվող քաղաքացիների բանջարանոցներ: Ահազանգի հետքերով քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը, Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան մասնագետները և «Երևան Ջուր» ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչները վթարավերացնող խմբերի հետ անմիջապես մեկնել են դեպքի վայր: Տեղում են եղել նաև ԱԻՆ և ՀՀ ոստիկանության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Պարզվել է, որ կոյուղագծի խցանումը բնակիչների անփութության հետևանք է. կոյուղագիծը խցանված է եղել մեծածավալ առարկաներով, ընդհուպ՝ երկաթգծի փայտակոճղերով և ծառերի ճյուղերով: Լուսաբացին արդեն մեկնարկել են վթարավերականգնման աշխատանքները: Վթարի մեծածավալ լինելու և բնակիչներին անհանգստություն չպատճառելու նպատակով խնդրին նախ ժամանակավոր լուծում է տրվել:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ հետ կապերի վարչությունը, կոյուղաջրերի արտահոսքը նախ ուղղվել է դեպի ոչ բնակելի հատված: Վթարավերականգնման աշխատանքները շարունակվել են առանց ընդմիջման, և հոկտեմբերի 20-ին, ժամը 14:30-ի դրությամբ խնդիրը հիմնավոր լուծում է ստացել և վթարն ամբողջությամբ վերացվել է: Ինչ վերաբերում է հիվանդությունների մասին որոշ լրատվամիջոցներով տարածված լուրերին, ապա նշենք, որ Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության կողմից Շենգավիթ վարչական շրջանի տարածքում վերջին երկու շաբաթվա ընթացքում աղիքային սուր ինֆեկցիա ախտորոշմամբ որևէ կանչ չի սպասարկվել: