«Ով է կրում պատասխանատվությունը և ով է պատասխանատու այս դժբախտ պատահարի համար»,- նոյեմբերի 10-ին Գյումրի-Երևան ավտոմայրուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին խոսեցին Աքիլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը և Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը:
Մեքենաների սարքին վիճակի վրա շեշտադրումներ արեց Էդուարդ Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ ամեն մի մանրուքը կարևորվում է վթարների ժամանակ. «Թղթերի վրա շատ լավ գրված է գազաբալոնների ստուգումների մասին, բայց ով է կատարում ու ինչպես են լիցենզիա տալիս անհասկանալի է: Հիմա անգամ լիցենզիա չեն տալիս, ուղղակի ասում են «ապահովվի էս պայմանները»: Մեր մոտ ո՛չ խաչմերուկ կա, ո՛չ էլ ճանապարհային նշաններ: Երթևեկության կազմակերպումը մեզ համար դարձել է հիմնական վթարների պատճառ: Ճանապարհին դրված լուսամփոփների մասին արված ենթադրություններ վարորդներին պետք չէ, վարորդը պետք է տեսնի իր խախտումը»:
Ճանապարհների անսարքությունը ևս խթան է ավտովթարների համար կարծում է Էդուարդ Հովհաննիսյանը. «Այնտեղ ճանապարհ չկա: Քանդած ինչ-որ չգիտեմինչ է: Համենայն դեպս պետք է տեսնել, թե այնտեղ ինչ իրավիճակ է եղել: Ավտովթարը արդյո՞ք անսարքության պատճառով է եղել: Կամ էլ մայրուղի է՝ միջպետական նշանակություն ունեցող, կարելի՞ է այդ վիճակում թողնել ու չվերանորոգել»:
Պետության կողմից ավտովթարի զոհերի ընտանիքներին տրամադրված 1-ական միլիոն դրամը Էդուարդ Հովհաննիսյանը համարում է չնչին գումար. «Ավելի լավ կլիներ այդ 7 մլն. դրամը նախապես տրամադրեին ճանապարհները սարքելուն, ու հաստատ համոզված եմ կկանխվեր այս ողբերգական վթարը, քան թողնեն այդպես, ու այս վթարին հաջորդեն մյուսները»:
Հատկապես կանգառներում և անցումներում հետիոտն-ավտովարորդ փոխհարաբերությունները վատագույն փուլում են: Այս կարծիքն արտահայտեց Արմեն Պետրոսյանը. «Հատկապես կանգառներում, անցումներում թե՛ հետիոտնը, թե՛ տրանսպորտը իրենց օրենքներով չեն շարժվում: Սա արդեն հանգեցնում է վրաերթերի ավելացմանը»: