Նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Ողբերգական գործի առիթով մեղադրվում է 44-ամյա Մանվել Վարդանյան, ում բջջայինի լույսի տակ են ստիպել ստորագրել փորձաքննություններ նշանակելու մասին որոշումները: Այդ մասին տեղեկություններ ստանալու նպատակով YerevanNews.am-ի թղթակիցը զրուցեց Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանի հետ:
Նա տեղեկացրեց, թե կոնկրետ ի՞նչ միջնորդություններ է ներկայացրել, ի՞նչ փաստաթղթեր է ստորագրել իր պաշտպանյալը և ո՞րն է չբողոքարկելու նպատակը:
«Միջնորդությունները հետևյալն են՝ վարորդին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելը, քննիչին բացարկ ներկայացնելը, պաշտպանյալի տված ցուցմունքները ոչ վերաբերելի ապացույց, այսինքն՝ չեղյալ ճանաչելը, փորձաքննություն նշամակելու մասին որոշումների ծանոթացնելու վերաբերյալ, սակայն պատասխանները դեռ չեմ ստացել: Նոյեմբերի 18-ին ես գնացի պաշտպանյալիս տեսնելու և տեղեկացա, որ նոյեմբերի 12-ին՝ երեկոյան, լույս չի եղել և իմ պաշտպանյալին բջջային հեռախոսի լույսի տակ են ստորագրել տվել փորձաքննություններ նշանակելու մասին որոշումները, որոնց ես դեռ ծանոթ չեմ, սակայն միջնորդել եմ քննիչներին, որպեսզի փաստաթղթերը տրամադրեն ինձ»:
Փաստաբանը նշեց նաև, որ Մանվել Վարդանյանին հոգեբան են հատկացրել: Ինչպես նաև ասաց, որ իրենք չեն բողոքարկելու, մտածելով պաշտպանյալի անվտանգության մասին:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: