Քաղաքական գործիչներն այսպես են բնութագրում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանին, ով կյանքի 58 տարում հեռացավ կյանքից։ Նրա կորուստը հայ քաղաքական դաշտի ներկայացուցիչները համարում են  չափազանց ցավալի:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով

«Շատ դժբախտ օր էր, ճիշտ է, բոլորս էլ գիտեինք, որ Վահանն առողջական խնդիրներ ունի, բայց բոլորս էլ մինչև վերջ հույս ունեինք, որ նա կապաքինվի կամ գոնե հիվանդությունը մի քիչ հետ կգնա: Ամեն դեպքում պետք է ասեմ, որ շատ ծանր կորուստ է, մահացել է մեր ընկերը, իմ ավագ ընկերը, ումից շատ բան ենք սովորել, հայ քաղաքական դաշտի ամենապայծառ դեմքերից մեկը, հայ քաղաքական համակարգի առանցքային դեմքերից մեկը:

Երկրի հասարակական-քաղաքական կյանքը մի բան է Վահան Հովհաննեսյանով, մի բան է առանց Վահան Հովհաննեսյանի, որովհետև նա հայրենասեր, պրոֆեսիոնալ, հումորով, ընկերասեր, գաղափարական գործիչ էր և այն մարդն էր, ում հետ շփվելուց երիտասարդները շատ բան էին սովորում: Ես շատ մեծ ցավ եմ ապրում և կարծում եմ, որ մեր բոլոր գործընկերները, ովքեր առնչվել են Վահան Հովհաննեսյանի հետ, մեծ ցավ են ապրում:

Աստված հոգին լուսավորի: Ես տեղյակ եմ, որ մինչև վերջին պահը նա իր աշխատանքային պարտականությունները կատարում էր հանուն Հայաստանի: Մեզ էլ իմաստնություն, որպեսզի կարողանանք քարը քարի վրա դնելով հասնել Վահանի երազանքների Հայաստանին»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան

«Առիթ եմ ունեցել նրա հետ շփվել և՛ խորհրդարանում, և´ խորհրդարանից դուրս, քաղաքական տարբեր զրույցներ ունենալ: Շատ բարձր ինտելեկտով քաղաքական գործիչ էր, եզակի դեմք ՀՀ-ում, շատ մեծ մտահորիզոն ուներ, վառ անհատականություն էր քաղաքական դաշտում: Որոշակիորեն բարդ քաղաքական հետագիծ է ունեցել՝ 1990-ականներին հանիրավի բանտարկություն, հետագայում իշխանության մեջ լինելը և դուրս գալը և այլն: Խորապես ցավում եմ, այդպիսի պատրաստված քաղաքական գործիչներ Հայաստանում շատ քիչ են»։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Զոյա Թադևոսյան

«Ցավակցում եմ նրա ընտանիքին: Մնացողը, հիշվողը մարդու անունն է, արած գործը: Ես դրա տակ շատ բան եմ դնում, ես դա հենց այնպես չեմ ասում»:

ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյան։

«Երբ սեպտեմբերին Բեռլինում էի, մենք հանդիպեցինք՝ հիշելով համատեղ աշխատանքի ամենավառ դրվագները, խոսեցինք ամեն ինչից, բայց նրա կատակները հաճախ մահվան մասին էին, ծանր կատակներ էին: Ի պատասխան ասացի, որ դու մեռնելու իրավունք չունես, մինչև ինձ ու Հրայրին (Թովմասյան) դալանում չծեծես: Ժպտաց, ասելով՝ դե դու արդեն մի կողմ, իսկ Հրայրի մասին դեռ կմտածեմ: Բաժանվեցինք` հույս ունենալով, որ էլի կհանդիպենք: Չստացվեց:

Վահանը եզակի մարդ էր, ումից Ազգային Ժողովում ես շատ բան եմ սովորել: Ամենաինտելեկտուալ, ամենամտավորական մարդկանցից մեկը զարդարում էր յուրաքանչյուր շրջապատ, որտեղ հայտնվում էր»:

Վահան Հովհաննեսյանի մահվան մասին ՀՅԴ Բյուրոյի տարածած մահազդում ասվում է.

«Բյուրոն խոր վշտով տեղեկացնում է, որ տևական հիվանդությունից հետո, դեկտեմբերի 28-ին, վախճանվեց մեր ժամանակների ամենավառ անհատականություններից մեկը` ազգային-պետական ականավոր գործիչ, Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ: Հ.Յ.Դաշնակցության մեծ ընտանիքի անունից մեր վշտակցությունն ենք բերում Վահան Հովհաննեսյանի հարազատներին ու մտերիմներին, մեր ժողովրդին, մեր բոլոր ընկերներին»: