Քաջարանում հեպատիտ C-ով վարակվածության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ առողջապահության նախարարությունն իր կողմից իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները տրամադրելու է քննչական կոմիտեինˋ քրեական գործի շրջանակում մեղավորներին հայտնաբերելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
«Հիվանդանոցների հետ պայմանագրերում խստացումներ են լինելու: Իրենք պարտավոր են ապահով, որակյալ բուժօգնություն տրամադրել բնակչությանը: Սանիտարական նորմերը խախտած հիվանդանոցները կզրկվեն լիցենզիաներից»,-վստահեցրեց նա:
Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատված ութ հիվանդների մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է հեպատիտ C-ով վարակվածություն։ Հետազոտությունների արդյունքների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է հիվանդանոցի հիմնադիր Սյունիքի մարզպետարան: Փաստի առթիվ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, վիրահատարանները ժամանակավորապես փակվել են։
Քաջարանի բժշկական կենտրոնում լաբորատոր հետազոտությունների արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում (20%) հայտնաբերվել էին շեղումներ:


