Կենտրոնական բանկի 2014 թ-ի վերջին կայացրած որոշմամբ՝ Հայաստանում գործող բանկերը մինչև 2017թ.-ը պետք է վեց անգամ մեծացնեն իրենց կապիտալի նվազագույն սահմանաչափը՝ 5 միլիարդ դրամից հասցնելով 30 միլիարդի, արագացնում է այն պրոցեսը, որը բնական պետք է լիներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ նշելով, որ ԿԲ-ի որոշումը շոկային է:
«Երբ ճգնաժամը սկսվեց անցած տարվա նոյեմբեր դեկտեմբերին, բոլորը ենթադրում էին, որ բոլոր բանկերը չեն դիմանա ու կգնա միաձուլման գործընթաց: Բայց այս պրոցեսը բնական պետք է լիներ, ոչ թե պարտադրողական: Ռազմավարական մեծ ռիսկեր է սա պարունակում: Բանկերի խոշորացումով ոչ թե նվազեցնում ես ռիսկը, այլ ստիպելով բանկերին խոշորանալ՝ ԿԲ-ն ապագա ֆինանսական ճգնաժամի ժամանակ ռիսկի տակ է դնում ամբողջ ֆինանսական համակարգը»,- ասաց նա:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ ինքը ևս կիսում է այն մտահոգությունը, որ ԿԲ-ի որոշումը ճիշտ դեղամիջոցը չէ, որով կարելի է խուսափել ճգնաժամից:
«Այսօր կա երկու մտահոգությունը՝ որքանով են արդյունավետ կառավարվում ռիսկերը, որովհետև կարող է միջին կամ փոքր բանկերի գործունեությունն ավելի ճկուն լինել: Երկրորդ խնդիրը, որն ավելի կարևոր է, որքանով են ծառայում բանկերը իրական սեկտորին՝ տնտեսության զարգացմանը: Սա շատ կարևոր է, որովհետև եթե բանկերի, հիմնական գործառույթները՝ նպաստել տնտեսությանը, չի իրականացվում, ֆինանսական միջնորդի դերը դառնում է ինքնանպատակ»,- ասաց տնտեսագետը:


