2014թ-ին 2013-ի համեմատ Հայաստանում շուրջ 1000-ով ավելացել են ամուսնալուծությունների դեպքերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լիանա Բաբայանը՝ նշելով, որ վերջին տարիներին փոխվել է մարդկանց վերաբերմունքը ընտանեկան արժեքների նկատմամբ, ինչն էլ բերում է ամուսնալուծության դեպքերի աճին:

Ըստ նրա, այսօր հաճախ ամուսնալուծության դիմում է 1970-ականների սերունդը:

«Նրանց վրա մեծ ազդեցություն են թողնում սոցիալական ցանցերը, սերիալները, արևմուտքից ներթափանցող բարքերը: Ես ինքս առնչվել եմ բազմաթիվ դեպքերի հետ, երբ բաժանության պատճառը համացանցն է եղել: Երիտասարդ կանայք, ովքեր չեն աշխատում հաճախ շատ ժամանակ են անցկացնում սոցկայքերում, ծանոթանում տղաների հետ և սիրահարվում: Նույնը նաև տղամարդկանց հետ է, շատերը նաև գտնում են իրենց մանկության սիրուն, սկսում են վերհիշել անցյալը և խաթարվում է ընտանիքը»,- ասաց նա:

Փաստաբանն ընդգծեց, որ Հայաստանում բաժանության յուրահատուկ պատճառ է արտագաղթը:

«Տղամարդիկ գնում են աշխատելու, այնտեղ հանդիպում մեկ ուրիշ կնոջ և այդպես ընտանիքը քայքայվում է: Բայց մեկ այլ հարց ևս կա, երբ արհեստականորեն են բաժանվում ու ամուսնություն գրանցում այլ երկրի քաղաքացի կնոջ հետ, որպեսզի հեշտությամբ դառնան տվյալ երկրի քաղաքացի»,- ասաց նա:

Հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ նշեց, որ արագ են բաժանվում նախ այն զույգերը, որոնք շատ կարճ ժամկետում են որոշում կայացրել ամուսնանալ և նրանք, որոնք մինչև ամուսնությունը երկար տարիներ են շփվել:

«Բաժանությունների գործում մեծ է նաև ծնողների դերը, որն ի դեպ, որևէ հոգեբանական գրականության մեջ առկա չէ: Այսինքն՝ սա մի գործոն է, որը բնորոշ է միայն մեզ: Հայկական ընտանիքներում մեծ է ծնողների դերը, և կամա թե ակամա, նրանք ևս ամուսնալուծությունների պատճառ են դառնում, քանի որ միջամտում են զույգերի անձնական գործերին»,- ասաց նա: