Կյանքից հեռացավ Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Դարբինյանը:

Ծնվել է 1931 թվականին, Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում:

Երևանի պետական համալսարանի պատմության, այնուհետև՝ իրավաբանական ֆակուլտետներն ավարտելուց հետո անցել է կուսակցական աշխատանքի:
1969 թվականից մինչև 1975 թվականը Վլադիմիր Դարբինյանը Հայաստանի ներքին գործերի նախարարն էր:

Ներքին գործերի նախարարության և նրա ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ նրա պաշտոնավարության տարիներին մի շարք կարեւորագույն խնդիրներ լուծվեցին, մասնավորապես՝ կադրային, նյութատեխնիկական բազայի և համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման բնագավառներում:

Զգալի աշխատանք կատարվեց ներքին գործերի շրջանային բաժինները և նախարարության վարչությունները տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ: Մշտապես ուշադրության կենտրոնում էր հանցագործությունների կանխարգելման, հասարակական կարգի պահպանման խնդիրը:

Հետագայում Վլադիմիր Դարբինյանը մի շարք պատասխանատու պաշտոններ վարեց՝ արդարադատության նախարարի տեղակալ, հանրապետության իրավաբանների միության նախագահ, Սարդարապատի հուշահամալիրի գլխավոր տնօրեն:

Բարձր պատասխանատվության, կատարողական կարգապահության, հաջողությունների վկայությունը շքանշաններն ու բազմաթիվ մեդալներն են, որոնց արժանացել է աշխատանքային գործունեության ընթացքում:

Պետական մտածողությամբ քաղաքացու, օրինակելի մարդու, լավ ընկերոջ հիշատակը միշտ կմնա նրան ճանաչողների սրտերում: