Այս կենցաղային մանրուքները կարող են դառնալ իսկական անակնկալ երիտասարդ ծնողների համար:
1. Սկզբնական շրջանում ձեր կյանքն ‹‹ընթանում է›› մանկական գիշերանոթի շուրջ
Դե իսկ դրանից առաջ օրվա գրաֆիկի մեջ բավականին հաճախ կրկնվում է տակդիր փոխելու արարողությունը: Երեխաների ծննդյան առաջին օրերից սկսում ենք մտահոգվել նրա մարսողության խնդիրներով, ինչը հանդիսանում է լավ ինքնազգացողության, խորը քնի և երեխայի բարձր տրամադրության գրավականը: Այդ ամենը հաղթահարելուց հետո սկսվում է նոր փուլ կյանքում՝ երեխային սովորեցնում ենք գիշերանոթ նստել: Շատ դեպքերում շտապում ենք, որպեսզի հանկարծ մեր բալիկը չզիջի հարևանուհու կամ բարեկամուհու բալիկին և որպեսզի գոնե ինչ-որ կերպ հասցնենք փրկել բազմոցը և գորգը, կամ էլ ուղղակի, որովհետև արդեն ժամանակն է: Մի անհանգստացեք այդքան շատ, դեռ ոչ մի առողջ երեխա տակդիրով դպրոց չի գնացել: Ժամանակն իրենը կանի:
2. Երեխաների՝ սննդին վերաբերվող նախասիրությունները անբացատրելի են
Անակնկալ N1
Երեխաներն ընտրում են այն, ինչը բացարձակ պետք չէ իրենց օրգանիզմին՝ քաղցր, աղի ու վնասակար:
Անակնկալ N2
Իրենց բացարձակ չեն հետաքրքրում սննդաբանների խորհուրդները և դդմի պյուրեի վիտամինահանքային բաղադրությունը: Չէ՞ որ դա շատ հարմար տարբերակ է սեղանին լղոզելու համար:
Անակնկալ N3
Եվ վերջապես, եթե երեխան մեծ հաճույքով ուտում է ելակի յոգուրտը կամ մրգային շիլան, մի շտապեք ուրախությամբ գնել մի մեծ պաշար: Իմացեք, հաջորդ օրը նա նույնիսկ չի մոտենա այդ սննդին: Երեխաների նախընտրությունները անկանխատեսելի են . մեզ մնում է միայն համակերպվել:
3. Դուք ստիպված եք կարդալ և պատմել միևնույն բանը տասնյակ անգամներ
Եթե նույնիսկ գրապահարանը լիքը լինի գրքերով, փոքրիկը, միևնույնն է, շարունակելու է հարյուրերորդ անգամ պահանջել կարդալ Մոխրոտիկի մասին հեքիաթը՝ ուրախությամբ շարունակելով յուրաքանչյուր նախադասությունը: Սիրելի խաղը, երգը և մուլտֆիլմը ձեզ մոտ գուցե ալերգիա առաջացնեն, բայց փոքրիկը դրանցից բացի ուրիշ ոչինչ լսել ու տեսնել չի ուզենալու: Եվ դա իրոք նորմալ երևույթ է, պետք չէ պահել գիրքը երեխային անհասանելի վայրերում:
4. Ձեզ մոտ տպավորություն է, որ նա երբեք չի հոգնում
Վաղ առավոտյան նա առույգ է և ուրախ ու բացարձակ կապ չունի, որ դա կիրակի առավոտն է, և որ դուք շա՜տ եք ուզում քնել: Ուշ երեկոյան նա ակտիվ է, ինչպես միշտ . ուզում է խմել, ուտել, հեքիաթ լսել, գրկախառնվել ու զրուցել, ու բացարձակ կարևոր չէ, որ կիրակի է, ու հաջորդ օրը պետք է գնալ աշխատանքի ու մանկապարտեզ: Եվ բացի այդ, նա միշտ թափառում է դրսում, սենյակներում ու խանութներում: Եվ հոգնությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ հերթը հասնում է խաղալիք հավաքելուն:
5. Դուք դուր չեք գալիս ինքներդ ձեզ
Ոչ մի տեսակի գրականությունը, խորհուրդներն ու միջոցները չեն կարող ձեզ օգնել լինել իդեալական մայրիկ՝ օրվա մեջ 24 ժամ: Դե որովհետև մայրիկը նույնպես ‹‹ մարդ է››: Մի անգամ կգա պահը, երբ դուք բարկությամբ կգոռաք՝ ‹‹Լու՛ռ մնա գոնե մի րոպե››, իսկ փոքրիկը կսկսի լացել ձայնային անսովոր տոնայնությունից: Կամ գուցե անգիտակցաբար հարվածեք ու խփեք նրան՝ աշխարհում ձեզ համար ամենասիրելիին . հետո ինքներդ կսկսեք լաց լինել՝ մեղքի զգացողությունից ու զղջանքից: Ամենակարևորը ժամանակին զղջալն է, ներեղություն խնդրելը և ինքներդ ձեզ ներելը: Վերջինը ամենակարևորն է: Եվ հետո սկսելու եք ինքնաբերաբար կրկնել ձեր մայրիկի այն արտահայտությունները, որոնք զայրացնում էին ձեզ մանուկ ժամանակ. ‹‹Որովհետև ես այդպես եմ ուզում ››, ‹‹Մեծերի հետ չեն վիճում ››, ‹‹Վաղը կշարունակես կարդալ /նայել/, քնելու ժամանակն է››:
6. Նրան սկսելու են նեղացնել ուրիշ երեխաները
Ինչ-որ մեկը կասի՝ ‹‹Ես քեզ հետ ընկերություն չեմ անում››, ապա կբրդի կամ կխփի: Ինչ-որ մեկը խաղալիքը ձեռքից կվերցնի, կծիծաղի կամ կծաղրի ձեր փոքրիկին: Այսպիսի իրավիճակներում կարելի է հայտնվել մանկական խաղահրապարակներում, և մենք նման իրավիճակների ականատեսն ենք եղել տասնյակ անգամներ: Բայց որքան ցավալի է, երբ նեղացնում են ՔՈ բալիկին: Պետք է հստակեցնել այն սահմանները, երբ պետք է ու պետք չէ միջամտել, չէ՞ որ հասարակությանն ինտեգրվելը մեծանալու նախանշան է:
7. Նա կրկնելու է ձեր բառերը
Նա կարող է ասել ամենաանհամապատասխան բառերը ամենաանհամապատասխան մարդկանց` մանկապարտեզի դաստիարակներին, հարևաններին, տատիկներին կամ պապիկներին: Զգույշ եղեք երեխայի մոտ խոսելիս, եթե նույնիսկ նա զբաղված է ինչ-որ ուրիշ բանով, միևնույնն է, իր ականջները ձեր խոսակցության մեջ են:
8. Դուք կսովորեք պատասխանել ցանկացած հարցի
Մարդու ինչի՞ն է պետք հետույքը: Ինչու՞ է քամին փչում: Ինչու՞ է Ձմեռ Պապիկը քաղաքում կեդերով ման գալիս: Ինչի՞ համար է անհրաժեշտ դպրոց գնալը: Ու երբ արդեն պատասխանները էլ չեն բավարարում, օգնության է հասնում մեր բոլորի սիրած արտահայտությունը՝ ‹‹Կմեծանաս, կիմանաս››:
Միայն ծնող դառնալուց հետո եք հասկանում ձեր մայրիկին, թե ինչու էր նա փոքր ժամանակ ձեզ նման պատասխան տալիս:
9. Շրջապատող աշխարհն անկանխատեսելի է
Այդ գիտակցությունը գալիս է, երբ երեխան սկսում է չոչ անել կամ քայլել: Ինչքան շատ բաներ կան, որոնք կարող են փոքրիկին վնաս պատճառել՝ նա կարող է ընկնել, խփել, վախենալ: Որքան վնասակար բան կարող է հայտնվել նրա բերանում, քիթիկում, ինչեր կարող են թափվել, լղոզվել: Միակ ապահով տեղը մանեժն է, որը , չգիտես ինչու , փոքրիկներին բացարձակ չի գրավում:
10. Երեխաներն օգնում են նոր ծանոթություններ ձեռք բերել
Երեխայի շնորհիվ ընդլայնվում է ծանոթների շրջանակը: Հավանաբար արդեն մտերմիկ հարաբերություններ են ձևավորվել միևնույն խաղահրապարակում, բակում կամ այգում զբոսանքի դուրս եկած երեխաների մայրիկների հետ:
11. Մանկաբույժների խորհուրդները միշտ աննկարագրելի են
Տհաճ է, բայց ցավոք իրականություն է: Ժամանակի ընթացքում պոլիկլինիկայի ձեր մանկաբույժին իր նշանակումների հետ միասին կանցկացնեք սև ցուցակի մեջ և կսկսեք փնտրել այլընտրանքային տարբերակներ ու ինքնուրույն կարդալ դեղատոմսերը: Բայց այս դեպքում ավելի շուտ պետք է զբաղվել նոր ու վստահելի բժշկի փնտրման աշխատանքներով:
12. Երեխաները հիստերիայի մեջ ընկնելու մեծ փորձ ունեն
Առաջ, երբ մենք տեսնում էինք մայրիկների՝ թևի տակ քարշ տվող գոռացող-ճչացող երեխային, մեծ ցավակցությամբ էինք մոտենում երեխային, իսկ հիմա արդեն՝ նաև մայրիկին:
Նյութի աղբյուր՝ YerevanNews.am


