«Հրապարակ» օրաթերթն իր 2015 թվականի մայիսի 6-ի համարի առաջին էջում (ուր զետեղվում են բացառապես հրատապ և հասարակական հնչեղություն ունեցող լուրերը), հղում տալով «իրենց հասած տեղեկություններին», հրապարակել է մի նյութ, ուր պնդվում է, թե ուսուցիչները և աշակերտները դարձել են «Պատանի երկրապահ» ակումբների ստեղծման` ՀՀ ԿԳՆ, ՊՆ և ԵԿՄ եռակողմ հուշագրի «գերին», և նրանց պարտադրվում է «Հուշագրի» դրույթները կյանքի կոչել բացառապես հանգստյան օրերին: Այս առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը.

առաջին. ըստ ամենայնի, խոսքը վերաբերվում է Պատանի երկրապահների համար մարտի 7-ից ապրիլի 25-ը տևած հրամանատարական-սերժանտական դասընթացների երկրորդ փուլին, որին, բացառապես կամավորության սկզբունքով մասնակցել են յուրաքանչյուր դպրոցի երկուական աշակերտ և աշակերտուհի: Ի դեպ, բազմաթիվ դպրոցներից մասնակցել են բոլոր ցանկացողները, որպիսիք շատ են եղել: Աշակերտներին դասընթացների անցկացման վայր ուղեկցել են տվյալ վարչական տարածքի ոչ թե բոլոր, այլ ընդամենը մեկ կամ մի քանի դպրոցների «Ռազմագիտության» ուսուցիչներ: Այնպես որ, ուսուցիչներից իրենց հանգստյան օրերը չեն խլվել (ըստ օրաթերթի` «հարամվել»): Իսկ դասընթացները վարվել են ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարությունների մասնագետների մակարդակով, ինչի համար պիտի միայն շնորհակալ լինել Երկրապահ կամավորականների միությանը:

Երկրորդ. «Պատանի երկրապահը» ոչ թե ծառայում է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին, այլ կոչված է նպաստելու հանրակրթական մի շարք առարկաների յուրացմանը և աշակերտների հայրենաճանաչողությանը, որն անհամեմատ լայն հասկացություն է, քան միայն «Ռազմագիտությունը»: Իսկ այս առարկայի դասավանդման դրվածքի բարելավման և Հայկական բանակ առավել պատրաստված նորակոչիկներ ուղարկելու նպատակով վերջին տարիներին իրականացվող մեծ աշխատանքի արդյունքներն աշակերտներն ու նրանց ծնողները պարզ տեսնում են:

Երրորդ. գոյություն ունի «արտադասարանական կրթություն» հասկացություն, որն աճող սերնդի դաստիարակության մի կարևոր մասն է: Դասապրոցեսին չխանգարելու նպատակով այն իրականացվում է դասերից հետո և կամ հանգստյան օրերին: Եվ աշակերտներին որևէ խմբակի անդամագրվել, իսկ կիրակի օրը Ամբերդի ամրոց, «Հաղթանակ» զբոսայգի, «Եռաբլուր» զինվորական պանթեոն կամ մոտակա վանական համալիր էքսկուրսիա տանելն արգելելը համազոր է Մայրենիի ուսուցչին թույլ չտալ առաջին դասարանցիներին տանելու Մեսրոպ Մաշտոցի` Օշականում ամփոփված շիրիմին:
Եվ, չորրորդ, ու ի գիտություն «Հրապարակ» օրաթերթի խմբագրակազմի. ՀՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունները, համապատասխանաբար իրականացնելով դպրոցական և զինվորական ուսուցում, ունեն գիտելիքների հաղորդման մեթոդների տիրապետման այնքա՛ն ներուժ և կազմակերպական կարողություններ, որոնք լիովին թույլ են տալիս մանկավարժներից չխլել նրանց հանգստյան օրերը, ինչն ինքնին անհեթեթություն է: